Լիտվական Geopolitika պարբերականում հրապարակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Չեսլովաս Իշկաուսկասի հոդվածը, որում ասվում է.
«Մեծ հույսեր կային Կազանի եռակողմ հանդիպումից, որը հանդիսանալու էր Մայնդորֆում, Աստրախանում ու Սոչիում տեղի ունեցած բանակցությունների գագաթնակետը։ Սակայն դա տեղի չունեցավ, ադրբեջանցի դիվանագետներն իրենց հետ բերեցին 10 նոր առաջարկներ՝ համալրելու համար Մինսկի խմբի կողմից պատրաստված փաստաթուղթը։ Արդյունքում որևէ խոստումնալից բան ստորագրել չհաջողվեց, և կողմերը բավարարվեցին «բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց գրանցելու մասին» սահամանափակ հայտարարության հնչեցմամբ։
Այն, որ Կազանի հանդիպումից բեկում պետք չէր ակնկալել, հայտնի դարձավ այն բանից անմիջապես անց, երբ Ալիևը վերադարձավ Բաքու։ Այնտեղ տեղի ունեցավ ռազմական շքերթ՝ նվիրված Ադրբեջանի անկախության վերականգնման 20-ամյակին։
Շքերթին մասնակցեց 6000 զինվոր, ինչպես նաև ժամանակակից ռազմական տեխնիկայի օրինակներ. Ռուսաստանից գնված С-300 զենիթա-հրթիռային կոմպլեքս, հարավաֆրիկյան արտադրության Matador և Marauder զրահամեքենաներ, թուրքական, իսրայելական ու չեխական արտադրության սպառազինություն, մարտական ինքնաթիռներ ու ռազմանավեր։ Շքերթին լայնորեն ցուցադրվեց նաև տեղական արտադրության ռազմական տեխնիկա։
Սակայն գլխավորն Ալիևի ելույթն էր դրանում, ուր նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը դեռևս չի վերջացել։ Նախորդ տարվա հունիսի 8-ին Ադրբեջանի Ազգային ժողովը հաստատեց երկրի ռազմական դոկտրինը։ Դրանում մասնավորապես ասվում էր, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ներառյալ ռազմական ուժը, «ազատագրել օկուպացված» տարածքները և վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Այդպիսով, հակամարտող կողմերը, մեղադրելով միմյանց, հայտնվեցին փակուղու առջև։ Երևանը վստահեցնում է, թե Բաքուն վերջին պահին վճռել է փաստաթղթում ներառել 10 փոփոխություններ, իսկ ադրբեջանական կողմը կարծում է, թե Հայաստանը միտումնավոր մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը։ Միևնույն ժամանակ բանակցային գործընթացի գլխավոր միջնորդ Ռուսաստանին ձեռնտու է ներկայիս իրավիճակը։
Ադրբեջանի չափ տնտեսական ու ռազմական ազդեցություն չունեցող Հայաստանը հույսեր է կապում Ռուսաստանի հետ, որը պարտավոր է նրան պաշտպանել արտաքին ագրեսիայից և նրա տարածքում ունի ռազմաբազա։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք Մոսկվան կմիջամտի՞ Լեռնային Ղարաբաղի պատերազմին, քանի որ ամեն դեպքում այն ՀՀ-ի սահմաններից դուրս է։
Պարադոքսալ է հնչում, սակայն նոր պատերազմի ճանապարհին ընկած միակ խոչընդոտը կովկասյան խողովակաշարերն են։ Հակամարտության գոտուց ոչ հեռու ընկած տարածքով անցնում են երկու կարևոր խողովակաշարեր. «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» և «Բաքու-Սուփսա»։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը սպառնալիքի տակ է դնում դրանց նորմալ գործունեությունը։
Կովկասում պատերազմի վերսկսումը չի բխում Մոսկվայի շահերից, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի կարող մի կողմ մնալ։ Դրա համար էլ թե՛Ռուսաստանը, թե՛ Արևմուտք/ԵԱՀԿ-ն համաձայն են տարածաշրջանում «ինքնաբուխ զարգացման» քաղաքականությանը»։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսերին ռուս փորձագետ, Կովկասի խնդիրների կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ պատերազմի վերսկսման դեպքում, եթե այն ընդգրկի նաև Հայաստանի տարածքը, Ռուսաստանը կհայտնվի շատ անհարմար իրավիճակում, ինչի համար էլ Մոսկվան ամեն գնով պետք է խուսափի պատերազմի վերսկսումից.
«Եթե զինված բախումները սահմանափակվեն միայն Ղարաբաղի տարածքով, ապա Ռուսաստանը չի միջամտի, իսկ ահա եթե Ադրբեջանը ռազմական հարված հասցնի ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, ապա դա արդեն լրիվ այլ բան է»:
Ինչ վերաբերում է վերոնշյալ երկու նավթամուղերին, ապա դրանց պայթեցման և դեպի Եվրոպա նավթի առաքման թեկուզև կարճատև դադարի դեպքում ճգնաժամային իրավիճակ կառաջանա Եվրոպայի նավթաթոր գործարարաններում։










































