Գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չեմ տեսնում անհատ տաքսի վարորդների և օնլայն տաքսի ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։
Վերջինիս խոսքով՝ օրենսդրությամբ՝ տաքսի ծառայություն մատուցող վարորդները պետք է ունենան լիցենզիա, ընդ որում՝ լիցենզիայի համար գումարի վճարում օրենսդիրը չի նախատեսել։
«Լիցենզիայի առկայության դեպքում անհատ վարորդն առանց օնլայն տաքսիների կողմից տրված պատվերներով ծառայություն կմատուցի, թե նրանց տված պատվերներով, ոչ մի լրացուցիչ տարբերություններ չի առաջանում։ Այսինքն՝ չկա որևէ տարբերություն օնլայն տաքսի ծառայություն մատուցող վարորդների և անհատ վարորդների միջև՝ հարկային բեռի առումով»,- ասաց Մաշադյանը։
Նրա խոսքով՝ նախկինում եղել են տուրքի գծով կուտակված պարտավորություններ, ովքեր չեն վճարել 12.000 դրամները և այդ պարտքի նկատմամբ հաշվարկվել էին տույժեր։