Այն, որ ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի նորընտիր իշխանությունների հանդեպ ընդդիմադիր կեցվածք ունի, ոչ ոքի համար նորություն չէ։ Ոչ ոք նաև չի էլ մոռացել, թե ինչպես էր ոչ վաղ անցյալում Հրանտ Մարգարյանը երիտասարդ դաշնակցականներին հորդորում պարտիզանական հարվածներ հասցնել։ Դաշնակցության հակաքարոզչությունը իշխանությունների հասցեին չի սահմանափակվում միայն Հայաստանով։
Ինչպես հայտնի է, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերջերս այցելել էր Վրաստանի հայաբնակ Ջավախքի մարզ՝ ծանոթանալու հայ համայնքի խնդիրներին, հանդիպել էր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց օգնությամբ փորձի լուծել այդ հարցերը։
Զարեհ Սինանյանի այցը, սակայն, Դաշնակցության կողմից ուղեկցվել է հերթական ապատեղեկատվությամբ և ակնհայտ մանիպուլյացիաներով։ Դաշնակցական մամուլը, մասնավորապես՝ yerkir.am կայքը, տեղեկություն տարածեց, թե ՀՀ սփյուռքի հանձնակատարը «դիտավորյալ չի այցելել Համազգային հայ կրթամշակութային միության և Հայ օգնության միության գրասենյակներ, ինչպես նաև ՀՕՄ-ի ծրագրերով գործող Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական-կրթամշակութային կենտրոններ»:
«Այս անգամ, սակայն, Սինանյանի՝ նշյալ հաստատություններ այցին, մեր հավաստի տեղեկություններով, դեմ է հանդես եկել դեսպան Ռուբեն Սադոյանը: Պարզ է՝ դեսպանն ինքնագլուխ չէր կարող նման պատասխանատու և պառակտիչ որոշում կայացնել: Այստեղից հետևություն՝ Սինանյանի նշյալ վարքագիծը դեսպանի միջոցով թելադրվել է ուղիղ ՀՀ արտգործնախարարության և վարչապետի կողմից»,- գրել է հիշյալ լրատվամիջոցը և նաև հավելել, որ ներկաներին թույլ չի տրվել կնճռոտ հարցեր ուղղել Սինանյանին։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Զարեհ Սինանյանի կատարած այցը շատ կարևոր է եղել՝ նախևառաջ այն պատճառով, որ Վրաստանը հարևան երկիր է, որտեղ բավականին լուրջ քանակությամբ հայ բնակչություն կա. «Սինանյանի նշանակվելուց հետո սա առաջին այցն էր Վրաստան։ Այցը նախապատրաստվել է, որոշ հարցերի նախապես ծանոթացել է, տեղեկատվություն ստացել։ Հետո արդեն Թբիլիսիում, Ջավախքում հայ համայնքի հետ հանդիպումներ է ունեցել, հանդիպել է նաև պետական պաշտոնյաների հետ, այցելել է հայկական դպրոց, ծանոթացել հայկական դպրոցի խնդիրներին։ Իմ կարծիքով՝ այն բոլոր հարցերը, որ այսօր կան համայնքում ու հուզում են մեր համայնքի բնակիչներին, այցի ժամանակ բարձրացվել են։ Ես նույնիսկ հղում կկատարեմ վարչապետ Փաշինյանի՝ այցի վերաբերյալ անդրադարձին, որ նախ բոլոր հարցերը քննարկվել են, ու այցը շատ կարևոր էր, որից հետո որոշ աշխատանքներ արդեն իսկ տարվում են»։
Մելիքյանն ընդգծեց՝ խնդիրների այն հատվածով, որը վերաբերում է ԿԳՄՍ նախարարությանը՝ հայոց լեզվի ժամեր, գրքեր, մասնագետների վերապատրաստում, ըստ վարչապետի ասածի՝ կզբաղվի հենց այդ գերատեսչությունը. «Այս ամենը կամփոփվի վարչապետի այս տարվա Վրաստան կատարելիք այցի շրջանակներում։ Այդ այցի ժամանակ նաև տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Ես այդ պատճառով չէի ասի, թե տրագիկ իրավիճակ կա կամ ինչ-որ խնդիրներ։ Գուցե որոշ կազմակերպություններ կամ որոշ անձինք ավելին են ցանկանում տեսնել, քան հնարավոր է։ Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ պարոն Սինանյանը ՀՀ պաշտոնյա է, իսկ մեր համայնքի ներկայացուցիչները Վրաստանի քաղաքացիներ են, ու Վրաստանն ուրիշ երկիր է։ Դրանից ելնելով մեր քաղաքականությունը պետք է կառուցված լինի Վրաստանի հետ համագործակցությամբ։ Շատ կարևոր է, որ համագործակցությամբ ամեն ինչ արվի, դա չափազանց նուրբ աշխատանք է, իսկ աղմուկ բարձրացնելով մենք կարող է նույնիսկ խանգարենք։ Գործընթացը կա. ես որպես այդ երկրով զբաղվող փորձագետ՝ ցանկություն ունեմ տեսնելու ավելի ակտիվ հայ-վրացական հարաբերություններ, ինչի շնորհիվ մենք նաև համայնքին կաջակցենք։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ բոլոր կոնտակտները, ծրագրերը Վրաստանի կառավարության հետ համատեղ պետք է քննարկվեն ու իրականացվեն։ Սեպարատ ոչ մի բան չի արվում՝Թբիլիսիում, Ջավախքում կամ Աջարիայում»։
Մեր զրուցակիցը հավելեց, որ չի կիսում բարձրացված մտահոգությունները, թեպետ համաձայն է՝ կան խնդիրներ. «Կան այնպիսի խնդիրներ, որոնք վերջին 5-7 տարիների ընթացքում լուծում չեն ստացել, և պարզ է, որ մեկ օրում կամ մեկ այցի շրջանակներում դրանք չեն լուծվելու։ Հանձնակատարի գրասենյակը կշարունակի աշխատանքը այն մասով, որը վերաբերում է իրենց, և ընթացքում ինչ-որ պրոգրես մենք կտեսնենք։ Իսկ ընդհանուր հայ-վրացական հարաբերություններում այս տարի պետք է որ ակտիվ տարի լինի, ու այստեղ հայկական կողմը նախաձեռնողական է լինելու։ Նորից նշեմ, որ տեղի կունենա վարչապետի այցը, որի շրջանակներում և միջկառավարական հանձնաժողովի նիստ տեղի կունենա։ Զուգահեռ՝ Թբիլիսիում էր գտնվում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ պաշտոնական այցով։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ այնպիսի սպեցիֆիկ ոլորտում, ինչպիսին է ռազմական համագործակցությունը, մենք ունենք հնարավորություն խորացնելու ու զարգացնելու հարաբերությունները Վրաստանի հետ»։
Արդյոք ստացվո՞ւմ է այնպիսի տպավորություն, որ առանձին շրջանակներ, որոնք ՀՀ իշխանությունների դեմ են դիրքավորված, օգտագործեցին այս առիթը հերթական հակաքարոզչության համար՝ դիտարկմանն ի պատասխան Մելիքյանն ասաց. «Իմ կարծիքով՝ պետք չէ ներհայաստանյան պայքարը դուրս բերել հայ-վրացական հարաբերությունների տիրույթ և ծանրաբեռնել միջպետական հարաբերությունները որոշակի բարդություններով։ Պետք է նաև հաշվի առնել, որ բոլոր արձագանքները Թբիլիսիում մշտադիտարկվում են, այս ամենը հասնում է նաև այնտեղ։ Ես կողմնակից եմ խոսքի ազատության, բայց միջպետական հարաբերություններում՝ մանավանդ, եթե կա ցանկություն եղբայրական, բարիդրացիական հարաբերությունների պահպանման, ռազմական ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ, մենք պետք է շատ զգույշ ու էֆեկտիվ աշխատենք»։









































