ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի պահանջը, ըստ որի՝ Բախշյանը խնդրում էր Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի քննությունը ԱԱԾ ենթակայությունից տեղափոխել ՀՔԾ և ստեղծել քննչական խումբ։ Քննչական խումբ, սակայն, կստեղծվի ԱԱԾ-ում. «Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել: Որոշմամբ նաև նշվել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով վարույթն իրականացնող քննչական խմբում ներգրավվում են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ»:
Անահիտ Բախշյանին չի բավարարում դատախազության պատասխանը, բայց այլ բան անելու հնարավորություն չունի։ «Մենք հանդիպում ունեցել ենք դատախազությունում, ես պնդել եմ իմ պահանջը, ասել եմ, որ գործը ԱԱԾ-ից պետք է տեղափոխվի, իրենք իրենց բացատրություններն են ներկայացրել, որ օրենքով այդպես է, որ նման պետական հանցագործությունների դեպքում գործը միանշանակ պետք է քննի ԱԱԾ-ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով, որ այս դաշտում այլևս քայլ չունի անելու, միայն այն, որ հետևի գործին, ու եթե ինչ-որ բան այն չլինի՝ բարձրաձայնի: «Այսօր ես գործին ավելի լավ եմ տիրապետում, քան այն քննչական խումբը, որը պետք է զբաղվի գործով։ Այն բողոքը, որ մենք ի սկզբանե ներկայացրել ենք գործը վերաբացելու հետ կապված, կազմված է 37 էջից։ Հատ-հատ գրել ենք բոլոր այն դրվագները, որոնք մեզ համար կասկածելի են։ Այդ բոլոր դրվագներով հատ-հատ հետևելու ենք, թե ինչ է արվելու։ Այս պահին այդքան բան կարող եմ անել»,- ասաց Անահիտ Բախշյանը։
Անահիտ Բախշյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց, որ իրենք իրենց միջնորդության մեջ հիմնավորել էին իրենց պահանջը, թե ինչու գործը ԱԱԾ-ից պետք է տեղափոխվի ՀՔԾ։ Դատախազը կարող է գործը վերցնել մեկ քննչական ենթակայությունից և հանձնել մեկ այլ քննչական ենթակայության, եթե առկա է գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանիության երաշխավորության խնդիր: «Մենք հիմնավորել էինք, որ դա առկա է, և դա բխում է գործի փաստական տվյալներից, որը նախաքննական գաղտնիության տեսանկյունից, ցավոք, չենք կարող բարձրաձայնել, բայց դրանք բազմաթիվ են և առկա են գործի 17 հատորում։ Մենք լիարժեքորեն հիմնավորել էինք, թե ինչու պետք է քննչական ենթակայությունը փոխվի»,- ասաց Մեջլումյանը։
Իսկ ինչ վերաբերում է բացարկին, ապա փաստաբանն ասաց, որ բացարկի մասին խոսք անգամ չի գնացել, քանի որ իրենք լավ գիտեն բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգերը և գիտեն, որ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: «Մենք ընդհանրապես չենք էլ անդրադարձել բացարկի ինստիտուտին, մենք բարձրաձայնել էինք քննչական ենթակայության հարցը, որը և հիմնավորել էինք։ Այդուհանդերձ պետք է նշեմ, որ պատասխանում որևէ անդրադարձ չէր կատարվել հենց գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանիության երաշխավորման խնդրին»,- ասաց Մեջլումյանը։
Մեր տեղեկություններով՝ երեկ Անահիտ Բախշյանը ԱԱԾ-ում ծանոթացել է քննչական խմբի ղեկավարի հետ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Հոկտեմբերի 27-ից անջատված մասով գործի քննության համար ստեղծված քննչական խումբը կղեկավարի Երիցյանը։









































