Չինաստանում նավթի պահանջարկն օրական երեք միլիոն բարելով կամ սպառման ընդհանուր ծավալի 20 տոկոսով ընկել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամի ֆոնին: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էներգետիկական ոլորտի իրադրությանը ծանոթ աղբյուրներ:
Նշվում է, որ սա համաշխարհային շուկայում պահանջարկի խոշորագույն կրճատումն է 2008-2009 թվականների ճգնաժամից հետո և առավել հանկարծակին այն անկումից հետո, որը պայմանավորված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությամբ:
Ներկայում Չինաստանը նավթի խոշորագույն ներմուծողն է, նա օրական սպառում է շուրջ 14 մլն բարել, ինչը հավասար է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի միագումար պահանջարկին: Չինաստանում պահանջարկի նվազմանըը կարող են արձագանքել ՕՊԷՔ-ի երկրներն ու նրանց դաշնակիցները, որոնք քննարկում են արտակարգ խորհրդակցություն գումարելու հնարավորությունը: