Business-Грузия-ի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ Վրաստանում մեկնարկելու է 8 նոր հիդրոէլեկտրակայանների (հէկ) կառուցումը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Գիորգի Կավելաշվիլին։
Վերջինիս խոսքերով՝ արդեն հայտնի է այդ 8 հէկերի ներդրողների անունները։ Միայն Նամախվանիի 3 հէկերի, որոնց կառուցումն իրականացնելու են թուրքական Nurol Energy Production և կորեական SK Engineering and Construction ընկերությունները, կառուցման վրա ներդրվելու է 1 միլիարդ դոլար։
Ընդհանուր առմամբ, 8 հէկերի կառուցման վրա ներդրվելու է 1.5 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Վրաստանի բոլոր էլեկտրակայաններում արտադրվել է վերջին 7 տարիների համար ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա՝ 10.1 միլիարդ կվտ/ժամ։ Ընդ որում, դրանից 9.3 միլիարդ կվտ/ժամն արտադրվել է հիդրոէլեկտրակայաններում, իսկ 0.8 միլիարդ կվտ/ժամը՝ ջերմաէլեկտրակայաններում։
Վրաստանն այժմ սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Արևելյան Եվրոպային, որն իրականացվում է Թուրքիայի տարածքով։ Բացի այդ, Վրաստանը մտադիր է 2014 թվականից սկսած՝ Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Դրա համար էլ Վրաստանը զարկ է տալիս հէկերի կառուցմանը։










































