«Դարի գործարք»-ը, որի մանրամասներն առաջիկայում պատրաստվում է բացահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ենթադրում է Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի բռնակցումը՝ խաղաղության դիմաց: Այս մասին հայտնել են ամերիկյան առաջնորդին մոտ աղբյուրները, հաղորդում է The New York Times պարբերականը:
Ծրագիրը պետք է վերջ դնի պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Աղբյուրները շեշտում են, որ «դարի գործարքի» համաձայն, Արևմտյան ափի մեծ մասը կարող է հանձնվել Իսրայելին: Սա կնշանակի, որ համաշխարհային հանրությունն ու Պաղեստինը ստիպված կլինեն օրինական ճանաչել տարածքի գրավումը:
Նշվում է, որ պաղեստինյան կողմը կարող է դեմ լինել ծրագրին, նույնիսկ ԱՄՆ-ի կողմից 50 միլիարդ դոլար ֆինանսավորման առաջարկի դեպքում: The New York Times-ը շեշտում է, որ Թրամփը դա հասկանում է, սակայն նրա համար գործարքի կայացումը կարևոր է իմպիչմենթի գործընթացի ֆոնին: