Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Էն-Նասիրիա քաղաքում (հարավային Դի-Կար նահանգի վարչական կենտրոն) ցուցարարների և ոստիկանության միջև բախումների արդյունքում չորս մարդ է զոհվել և ավելի քան 40-ը վիրավորվել:
Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը և բժիշկներին:
Ըստ նրանց՝ Բաղդադում սպանվել է մեկ ցուցարար, ավելի քան 30-ը վիրավորվել են: Բախումները տեղի են ունեցել Թահրիր հրապարակի տարածքում: Նասիրիայում բժիշկները հայտնում են երեք զոհված և 14 վիրավոր ցուցարարների մասին: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի այլ քաղաքներում:
Նշվում է, որ անվտանգության ուժերը ցուցարարների դեմ զենք և արցունքաբեր գազ են օգտագործել: