Երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։
Այս տարի 631 հայտից ընտրվել էր շուրջ 150 ֆիլմ, կազմվել մրցութային բազմաժանր ծրագիր: Ֆիլմերից 67-ը մրցում էին միջազգային 4 մրցույթներում: Միջազգային ժյուրիների 6 խմբերն ամփոփեցին դրանց արդյունքները:
«Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակը հանձնվեց իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. Ամուսնալուծություն» ֆիլմին։ «Արծաթե ծիրանի» արժանացավ Փարկ Չուն-բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմը։ Ժյուրիի հատուկ մրցանակին այս տարի արժանացավ Պաուլա Մարկովիչն իր «Պարգևը» ֆիլմի համար։
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակբ ստացաշ Ալեքսանդր Նանաուն իր «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի» ֆիլմի համար։ «Արծաթե ծիրանի» արժանացավ «Ամառային արոտավայր» (Լին Թրուի Նելսոն Ուոքեր III, Ցերինգ Պերլո) ֆիլմը։
Հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սեյեդքեշմիրն իր «Հոյակապ ոչինչ» ֆիլմի համար։
«Հայկական համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակը հանձնվեց Հարութ Շատյանին «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար։
«Արծաթե ծիրանի» արժանացավ Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմը, Հատուկ հիշատակման՝ Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմը։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի գլխավոր մրցանակն ստացավ Պյոտր Սուբոտկոն իր «Գլազգո» ֆիլմի համար։ Հատուկ հիշատակման արժանացավ Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվ» ֆիլմը։
FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը։
Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմին:
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Էմիլ Մկրտչյանին «Տիեզերանավը» ֆիլմի համար:
Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակը ստացավ Հարութ Շատյանն իր «Բեռնելով կյանքս» ֆիլմը: Նույն ֆիլմն արժանացավ նաև «Նուարդ» մրցանակին:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին արժանացավ Պաուլա Մարկովիչի «Պարգևը» ֆիլմը:










































