Հռոմի պապը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին նվիրել է գրիչ՝ խաղաղ համաձայնագիր ստորագրելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Յացենյուկը մեկնել է Իտալիա՝ Վատիկանում ապրիլի 27-ին մասնակցելու Հովհաննես Պողոս II-ի (1978-2005) և Հովհաննես XXIII-ի (1958-63) սրբացման արարողությանը: Յացենյուկն ավելի վաղ բացատրել էր, որ ինքը հունա-կաթոլիկ է, և իրենց եկեղեցին նույնպես ճանաչում է Հռոմի պապին որպես գլխավոր:
Ինչպես հաղորդել են Սուրբ գահի մամլո ծառայությունից՝ Պապը և Յացենյուկը հանդիպման 18-րդ րոպեին «քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և հույս են հայտնել, որ միջազգային օրենսդրության համապատասխան՝ բոլոր կողմերը կցուցաբերեն կառուցողական համագործակցություն՝ հանուն երկրում քաղաքական և սոցիալական կայունության և երկրի շրջանների բնակիչների միջև փոխըմբռնման վերականգնման»:
Հանդիպման ժամանակ «նշվել է այն հատուկ դերը, որ կատարում են եկեղեցին և կրոնական կազմակերպությունները ուկրաինական հասարակության տարբեր շերտերի միջև փոխադարձ հարգանք և համաձայնություն ամրագրելու համար»:
Հանդիպման ավարտին Հռոմի պապը Յացենյուկին նվիրել է գրիչ և հույս հայտնել, որ այն «կծառայի խաղաղ համաձայնագիր ստորագրելու համար»: «Ես նույնպես հուսով եմ, որ այդպես կլինի»,- պատասխանել է Յացենյուկը և Պապին նվիրել Մայդանի լուսանկարը՝ բացատրելով, որ դա այն վայրն է, որտեղ ուկրաինացիները պայքարել են ազատության և իրենց իրավունքների համար:
Յացենյուկը բանակցություններ է անցկացրել նաև Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ և հաստատել Ժնևյան համաձայնագրին հավատարիմ մնալու իր մտադրությունը:








































