Վավերագրական ֆիլմը, որը կցուցադրվի նյույորքյան Ազգային թանգարանում և սեպտեմբերի 11-ի հուշահամալիրում, հոգևորականության ներկայացուցիչների կարծիքով, անարդարացիորեն կապում է իսլամը և ահաբեկչությունը և կարող է հանգեցնել մահմեդականների նկատմամբ նախապաշարմունքների և նույնիսկ բռնության ի հայտ գալուն։
«Ալ-Քաիդա»-ի մասին յոթրոպեանոց վավերագրական ֆիլմի հեղինակներն իրենց առջև խնդիր են դրել Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ի թանգարանի այցելուներին ցույց տալ միջազգային ահաբեկչության առաջացման պատմությունը՝ գրում է France 24-ը։
Չնայած այն բանին, որ ժապավենը դեռ ներկայացված չի եղել լայն հանրությանը, այն ցուցադրվել է խորհրդատվական խորհրդին, որը կազմված էր տարբեր դավանանքների հոգևորականության ներկայացուցիչներից։ Խորհրդի անդամներն իրենց անհամաձայնությունն են հայտնել ֆիլմի հեղինակներին, նրանց կարծիքով՝ դիտողը կարող է տպավորություն ունենալ, թե բոլոր մահմեդականները պաշտպանում են ահաբեկչությունը և այս կամ այն չափով պատասխանատվություն են կրում սեպտեմբերի 11-ի իրադարձությունների համար։
Մասնավորապես՝ նրանք դեմ են «իսլամիզմ», «ջիհադ» եզրերի օգտագործմանը, որոնք, նրանց կարծիքով, կստիպեն դիտողին բոլոր մահմեդականներին նույնացնել ահաբեկչության հետ։










































