Իրանի միջուկային հետազոտությունների ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և տարբերվում է հյուսիսկորեականից՝ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Ալադին Բորուջերդին՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Բորուջերդին այդ հայտարարությունն արել է Սեուլում Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Կան Չան Հիի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպման ժամանակ Իրանի մեջլիսի պատգամավորը հույս է հայտնել, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները կլուծվեն երկխոսության ճանապարհով:
Հղում անելով Փխենյանի և Թեհրանի լավ հարաբերություններին՝ նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համոզել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը նստել բանակցային սեղանի շուրջ:
Իր հերթին Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ Սեուլը պատրաստ է քննարկել նոր ոլորտներում Իրանի հետ համագործակցության հարցերը:







































