ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը պարզաբանել է իր ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների աշխատակիցներին իր ուղարկած շրջաբերականը, որով տեղեկացնում է, որ կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարները գանձվելու են մինչև սեպտեմբերի 30-ը:
Աշոտյանն այս կապակցությամբ, Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր որոշ լրատվամիջոցներում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԿԳՆ-ի կողմից իր ենթակայության տակ գտնվող հաստատություններին ուղարկված շրջաբերականը կուտակայինին առնչվող հարցերի վերաբերյալ:
Ակնհայտ է, որ փաստաթղթաշրջանառությունը որոշակի ժամանակ է պահանջում. «բանավոր խոսք կառավարության նիստին- գրավոր հանձնարարական – շրջաբերական նամակ հաստատություններին» շղթան երկար է և ժամանակատար: Դժվար չէ հասկանալ սա:
Ապրիլի 23-ին իջեցված շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի հայտնի ելույթը նույն օրը տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստին: Սա էլ է ակնհայտ:
Իմ տպավորությամբ, որոշների սրտով չէ ՀՀ կառավարության կառուցողական կեցվածքն ու վերջին հրապարակային ելույթները թեմայի առնչությամբ: Որոշները ոչ թե խիստ արդիական խնդրի լուծում են ակնկալում, այլ հնարավորություն ինքնանպատակ «բզբզելու»:
Անօգուտ զբաղմունք է դա: ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ Կառավարության մաս է և իրականացրել ու իրականացնելու է բացառապես ՀՀ Կառավարության քաղաքականությունը: Անհոգ եղեք»:











































