Մարդկության մեկ հինգերորդ մասն ապրում է զանգվածային բռնությամբ, քաղաքական հակամարտություններով և անկայունությամբ համակված երկրներում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի պատվիրակների առջև ելույթի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ բնակչության կայուն զարգացման և բարօրության ապահովման հասնելու համար պետք է խաղաղություն, կայունություն և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող համակարգ: Բռնությամբ համակված երկրներում աղքատության մակարդակը, որպես կանոն, 20%-ով բարձր է միջին ցուցանիշներից:
Պան Գի Մունը նշել է, որ մոլորակի վրա գնալով ավելի քիչ պատերազմներ են լինում երկրների միջև: XX դարի վերջից դրանց փոխարինելու եկան քաղաքացիական հակամարտությունները, բայց դրանց թիվը ևս վերջերս նվազում է: Նա ուշադրություն է դարձրել, որ այս կամ այն հասարակության մեջ լարվածությունը, որը հետո վերաճում է բռնության, հաճախ կապված է քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների խմբի, նաև շրջակա միջավայրի ոլորտում մարտահրավերների հետ:












































