Թուրքիայի ցավակցությունը 1915 թվականին զոհված հայերի հասցեին չպետք է գնահատվի որպես թուլություն՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«1915 թվականի դեպքերի ընթացքում զոհված հայերի հասցեին Թուրքիայի ցավակցությունը ոչ թե թուլություն է, այլ բարձր մշակույթի ցուցանիշ»,- ասել է նա:
Արտգործնախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ժողովուրդ հիշողություն ունի, սակայն դա չի նշանակում, որ «1915-ի իրադարձությունները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով»:
Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան Հայաստանից ցավակցություն չի սպասում՝ կապված ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետների սպանությունների հետ:
Հարցազրույցի ժամանակ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայի նպատակներից մեկն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նվաճումը:
Նրա խոսքով՝ պետք է նորմալանան նաև հայ-թուրքական հարաբերությունները: Այդ նպատակները զուգահեռ են միմյանց՝ նշել է Դավութօղլուն:








































