Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից.
«Ադրբեջանական կողմը հուսով է բանակցային ճանապարհով հասնել ղարաբաղյան հարցի արդարացի լուծման, տվյալ ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման և խաղաղության պայմանագրի ստորագրման։
Խաղաղության պայմանագրի հիմքում ընկած է նաև համանախագահող երկրների կամքը։ Անհրաժեշտ է միայն ավելի ուժեղացնել Հայաստանի վրա գործադրվող ճնշումը։ Գոյություն ունեցող ստատուս քվոյի «գլխավոր մեղավորները» հենց հայերն են։ Եթե տվյալ հարցում մի փոքր ուժեղացվի նրանց նկատմամբ գործադրվող ճնշումը, ապա ես կարծում եմ, որ շատ շուտով կարող է առաջընթաց գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»։
Հիշեցնենք, որ ընդամենը 3 օր առաջ Հասանովն այլ հայտարարություն էր արել. «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող սկզբունքները չի կարելի ներկայացնել որպես տվյալ հարցում Ադրբեջանի կամ Հայաստանի միանշանակ հաղթանակի ապահովում։ Այդ սկզբունքները չեն երաշխավորում կողմերից և ոչ մեկի լիակատար հաղթանակը։
Ամեն դեպքում, համանախագահների առաջարկը ենթադրում է փոխադարձ զիջումներ։ Ադրբեջանական կողմի զիջումը Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի տրամադրումն է։ Նորմալ խաղաղ պայմաններում բնակեցումից տասնամյակներ անց կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի մշտական կարգավիճակը, իսկ մինչ այդ Ադրբեջանը պատրաստ է տրամադրել միջանկյալ կարգավիճակ»։











































