Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Անկարայում ընդունել է իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախարարները քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Ազգային ժողովի պատգամավորներ Տաթև Հայրապետյանին և Անուշ Բեղլոյանին:
Ինչպես նշեց Անուշ Բեղլոյանը՝ Թուրքիան տարածաշրջանային գերտերություն դառնալու ամբիցիաներ ունի. «Եվ այս պահին փորձում է տարածաշրջանում իրեն հասանելի գործընկերային կապերը ամրապնդել՝ ավելացնելու իր քաշը միջազգային հարթակում և դառնալու ավելի լուրջ գործոն, որը կկարողանա օվկիանոսից այն կողմ գտնվող իր գործընկերների հետ ավելի լուրջ դիրքերից խոսել: Եվ իհարկե նրա երկարաժամկետ նպատակն է ավելացնել իր աշխարհագրական և աշխարհաքաղաքական քաշը»:
Տաթև Հայրապետյանն էլ նկատեց, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցությունը նոր չէ. «Եվ եթե նայենք ճշմարտության աչքերին, ապա Վրաստանում իրականում առկա է բավականին ուժեղ թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական ազդեցություն՝ տնտեսական առումով»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ զարգացումները չպետք է աչքաթող արվեն. «Պետք է դրանց ուշիուշով հետևենք՝ հասկանալու համար, թե դրանք ինչ միտումներ ունեն, և հնարավորության դեպքում մեր աշխատանքների միջոցով կանխենք դրանց հակահայկական բնույթը: Այնուամենայնիվ, դա որևէ ձևով չի նվազեցնում կամ ստորադասում մեր աշխատանքների ակտիվությունն ու ինտենսիվությունը մեր հարևան Վրաստանի հետ»:
Անուշ Բեղլայանն էլ հավելեց, որ այսօր Արցախյան հակամարտության հարցում Հայաստանն ավելի հասկանալի լեզվով է խոսում և ակնհայտորեն ավելի շահեկան դիրքում է, քան Ադրբեջանը. «Եվ այդ պարագայում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան շարունակել փնտրել իր գործոնը ուժեղացնելու միջոցներ և հակազդել Հայաստանի թավշյա ազդեցությանը ու միջազգային հանրության կողմից աճող ուշադրությանը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































