Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆ Հաֆթարի հրամանատարությամբ, սպառնացել է պայթեցնել քաղաքացիական ինքնաթիռները, որոնք օգտագործվում են զենք տեղափոխելու համար, հայտնում է Reuters-ը՝վկայակոչելով Լիբիայի ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարիին:
Նրա խոսքով, Ստամբուլից Լիբիա թռչող Boeing 747-412 ինքնաթիռում եղել է ռազմական տեխնիկա:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Տրիպոլիի կառավարության հետ կնքված ռազմական համագործակցության հուշագիրը: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ խնդրանքի դեպքում Լիբիա թուրքական բանակ կուղարկի:
Հիշեցնենք, որ 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարեց գործել որպես միասնական պետություն: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում ՝ մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արևելյան մասի իշխանությունները համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ, որը ցանկանում է գրավել Տրիպոլին:








































