Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում այսօր հյուրընկալեց Մյունխենի «Բավարիա»-ին:
Առաջին խաղակեսում, թեև հյուրերն ակնհայտորեն ավելի շատ էին տիրում գնդակին, այդուհանդերձ, վտանգավոր պահերն այդքան էլ շատ չէին Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասի մոտ: Փոխարենը, «Արքայական ակումբ»-ը լուրջ վտանգ պարունակող հակագրոհներ էր կազմակերպում, որոնցից մեկն էլ ավարտվեց դարպասի գրավումով: Քրիշտիանու Ռոնալդու-Ֆաբիո Կոենտրաու-Կարիմ Բենզեմա եռաքայլ կոմբինացիան իր ավարտին հասցրեց ֆրանսիացի հարձակվողը:
Երկրորդ խաղակեսն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում: Խաղը հիմնականում ընթանում էր կենտրոնում, և երկու թիմերն էլ հաճախ էին սխալներ թույլ տալիս:
Արդյունքում, Կարլո Անչելոտիի սաները նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին: Այդուհանդերձ, դիմակայության հաղթողի անունը բաց մնաց մինչև պատասխան հանդիպման ավարտը:
«Ռեալ» – «Բավարիա»` 1:0
1:0 Բենզեմա (19’)








































