Ամերիկուհին խոստովանել է, որ, գտնվելով բեռնատարի ղեկին, դիտավորյալ վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջնակի, քանի որ իրեն թվացել է, թե նա մեքսիկուհի է, հաղորդում է Washington Post պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, Այովա նահանգում։ Պաշտոնական անձանց խոսքերով՝ բեռնատարի վարորդը մայթ է դուրս եկել և վրաերթի է ենթարկել աղջկան։ Դրանից հետո նա արագացրել է ընթացքն ու հեռացել՝ չփորձելով օգնել երեխային։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ 42-ամյա Նիկոլ Մարի Փուլ Ֆրանքլինը խոստովանել է, որ եղել է մեքենայի ղեկին։ Դրանից հետո նա մի քանի ստորացուցիչ հայտարարություն է արել մեքսիկացիների հասցեին։
Տուժած աղջիկն արդեն լավ է և վերադարձել է իր դասերին։
Իրավապահները նշել են, որ ցնցված են կնոջ շարժառիթներից։