Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի PR ակցիան, որն ուղղված էր ոստիկանության աշխատակիցների իմիջի բարելավմանը, ձախողվել է, հաղորդում է The Verge-ը:
Սպասված արդյունքի փոխարեն, քարոզարշավի կազմակերպիչները իսկական բողոքի ակցիա են ստացել՝ ընդդեմ տեղի ոստիկանության կիրառած մեթոդների:
Երեքշաբթի օրը`ապրիլի 22-ին, ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցներն առաջարկել են քաղաքացիներին Twitter-ում տեղադրել Նյու Յորքի ոստիկանների լուսանկարներ` #myNYPD հեշթեգով: Ակցիայի նպատակը բնակչության վստահության մակարդակը ոստիկանության նկատմամբ բարձրացնելն էր:
Չնայած քաղաքի բնակիչներն արձագանքել են դրան` հրապարակված լուսանկարներում ոստիկանները լավ կողմերով չէին ցուցադրվում: Դրանք ի ցույց էին հանում նրանց ագրեսիան: Ամերիկացիները մասնավորապես ակտիվորեն հրապարակել են լուսանկարներ, որոնցում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները դաժանաբար են վարվում քաղաքացիների հետ:









































