Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի աշխատողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ափսոսում է իր առաջին վարչապետության օրոք՝ 1999 թ. սեպտեմբերին արված այն հայտարարության համար, թե գրոհայիններին հարկավոր է լխկել զուգարանակոնքում (боевиков надо мочить в сортире):
«Հիշո՞ւմ եք, ես բլթացրեցի, թե լխկելու ենք ինչ-որ: Ես գործուղման մեջ էի, վերադարձա Պետերբուրգ և վրդովված էի: Ընկերս հարցնում է` ինչո՞ւ ես այդքան տխուր: Ասում եմ՝ աչքիս անհարմար բլթացրել եմ», ՌԴ նախկին նախագահի ու ներկայիս վարչապետի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն:
«Տհաճ է, այսպիսի մակարդակի հասնելուց հետո ես չպետք է այդպես լեզուս շաղ տամ, դուրս տամ»,- ավելացրել է Պուտինը:









































