Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի դեմ դատական հայց են ներկայացրել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Jurnal.md-ին: Նրա դեմ հայցով հանդես է եկել համացանցային պարբերականներից մեկը (որի անունը չի նշվում), որը երկրի ղեկավարին մեղադրում է լրագրողների աշխատանքին խոչընդոտելու համար:
Պարբերականի գլխավոր խմբագիր Վասիլե Նեստասեն պատմել է, որ կես տարի առաջ ինքը հարցազրույցի խնդրանքով դիմել է նախագահին: Նա մտադիր է եղել հարցեր տալ արդարադատության համակարգի բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի և ԵՄ-ին ինտեգրման մասին, սակայն հարցազրույցը տեղի չի ունեցել: Սկզբում նախագահի մամլո քարտուղար Վլադ Ցուրկանուն հայտարարել է, որ նշված հարցերից մի շարք պետք է հանել: Լրագրողներն այդպես էլ նախագահից պատասխան չեն ստացել:
«Սա ոչ այլ ինչ է, քան չարաշահում, հասարակության հրատապ խնդիրներից մամուլին հեռու պահելու փորձ: Սա անհարմար և լուրջ հարցերից խուսափելու փորձ է»,- այս առիթով ասել է Նեստասեն:
Նախագահի մամլո քարտուղարը, ինչպես նշում է Jurnal.md-ն, հրաժարվել է մեկնաբանել այս պատմությունը:








































