Նյու Յորքի 57-րդ փողոցը դարձել է ամենաթանկն աշխարհում: Անցած հինգ տարիների ընթացքում այստեղ կնքվել են ամենամեծ թվով գործարքները՝ ավելի քան 25 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Այս մասին ասված է Knight Frank խորհրդատվական ընկերության հոդվածում:
57-րդ փողոցում 2015 թվականից ի վեր բարձրբյուջետային անշարժ գույքի հետ կապված 41 գործարք է կնքվել: Դրա միջին արժեքը կազմել է 38.5 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում է Հոնկոնգում գտնվող Mount Nicholson Road-ը՝ 35 գործարքով, բայց այստեղ գործարքի միջին արժեքն ավելի բարձր է՝ 81.8 միլիոն դոլար: Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Նյու Յորքի Central Park South-ը. 32 գործարք՝ 44.9 միլիոն դոլար միջին գնով: Լավագույն հնգյակում են նաև Park Avenue-ն (Նյու Յորք) և Գրոսվենոր հրապարակը (Լոնդոն):
Ավելի վաղ Business Insider-ը գրել էր, որ 57-րդ փողոցում են ապրում այնպիսի միլիարդատերեր, ինչպիսիք են, օրինակ, Dell Technologies-ի հիմնադիր Մայքլ Դելը և կենցաղային տեխնիկայի արտադրող Dyson-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Դայսոնը:
2019-ի նոյեմբերին աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցների ցուցակը գլխավորել է Հոնկոնգի Քազուեյ-Բեյը: Նյու Յորքի Հինգերորդ պողոտան երկրորդ տեղում է, իսկ Լոնդոնի Նյու-Բոնդ-սթրիթը՝ երրորդ: