«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ֆրանսիական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2019-ին ամբողջ աշխարհում լրագրողների հետապնդման մասին զեկույց է հրապարակել: Հաղորդվում է, որ ներկա պահին բանտարկված է 389 լրագրող, 57-ը՝ պահվում են որպես պատանդ, իսկ սպանվել են 49-ը, որոնցից 36-ը՝ պրոֆեսիոնալ լրագրողներ, 10-ը՝ ոչ պրոֆեսիոնալ, իսկ 3-ը` լրատվամիջոցների աշխատակիցներ:
RSF-ը նշում է, որ այս տարի սպանված լրագրողների թիվը անցած տարվա համեմատ 44%-ով ցածր է, և ռեկորդային ցածր է վերջին 16 տարիների ընթացքում: Կազմակերպությունն այս իրավիճակը բացատրում է վերջին տարիների ռազմական հակամարտությունների տարածքներում՝ Սիրիայում, Եմենում և Աֆղանստանում, լարվածության նվազմամբ: Եթե նախորդ տարի այս երկրներում սպանվել է 34 լրագրող, ապա այս տարի՝ 17:
Կազմակերպության տվյալներով, 2019թ-ին մասնագիտական գործունեություն ծավալելու պատճառով 389 լրագրող է ձերբակալվել, որից 120-ը՝ Չինաստանում: Իսկ Թուրքիայում այս տարի ձերբակալվել է 25 լրագրող: Ռուսաստանում բանտում է գտնվում 7 լրագրող:





































