Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հավանաբար, փորձելու է օգտագործել սեփականաշնորհումը, որպեսզի նախագահ դառնա երկրորդ անգամ անընդմեջ՝ կրկնելով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի փորձը: Այս մասին գրում է բրիտանական The Financial Times- ը:
Թերթը գրում է, որ երեք շաբաթ առաջ Պետերբուրգի գործարար համաժողովի ժամանակ նա հայտարարել էր, որ մինչև 2015 թ. կսեփականաշնորհվեն Ռուսաստանի 20 խոշորագույն ընկերությունները, որտեղ ՌԴ կառավարությունն ունի վերահսկիչ փաթեթ: «Եթե այս ծրագիրն իրականանա, ապա ռուսական տնտեսությունը շեշտակիորեն կփոխվի, իսկ որոշ չափից դուրս հարուստ մարդիկ կդառնան ավելի հարուստ»,- գրում է հոդվածի հեղինակ Չարլզ Քլովերը:
Նա Մեդվեդևի գործողությունները համեմատում է առաջին նախագահ Բորիս Ելցինի գործողությունների հետ, որը նույնպես խնդիրներ ուներ 1996 թ. երկրորդ ժամկետին անցնելու հարցում: Այն ժամանակ Անանտոլի Չուբայսը հորինեց սեփականաշնորհման մի շատ «հրաշալի մոդել», որը թույլ էր տալիս սեփականաշնորհել պետական ունեցվածքն, այսպես կոչված, «գրավային աճուրդների» միջոցով, ինչը ստեղծում էր նոր տիպի սեփականատերերի դաս, որն անմիջական կախվածության մեջ էր գցում այդ մարդկանց Ելցինից, իսկ Ելցինի չընտրվելու դեպքում նրանք կորցնում էին իրենց սեփականությունը: Սա թույլ տվեց, որպեսզի այդ սեփականատերերը միավորվեն Ելցինի շուրջ և ապահովեն նրա հաղթանակը:
Հոդվածագիրը ենթադրում է, որ Մեդվեդևն էլ է փորձում ստեղծել մի այնպիսի խավ, որին ձեռնտու կլինի իր վերընտրությունը: Բայց հիմա ռուսաստանցի օլիգարխները ավելի փոքր աղդեցություն ունեն քաղաքականության վրա, քան Ելցինի ժամանակահատվածում:
Ակնհայտ է, որ Մեդվեդևը չի գնալու ուղիղ հակադրության վարչապետ Պուտինի հետ: Հայտնի չէ նաև նրա կարծիքը պետական խոշորագույն ընկերություններում վերահսկիչ փաթեթները վաճառելու մասին: Ըստ հոդվածագրի՝ Պուտինը դժվար թե ցանկանա հրաժարվել դրանից:











































