Armenian Power-ը ձևավորվել է Հոլիվուդի արևելքում 1980-ականներին հայ ներգաղթյալներին փողոցային, առաջին հերթին՝ լատինաամերիկյան ավազակախմբերից պաշտպանելու համար: Երիտասարդ հայերը սափրեցին գլուխները, դաջվածքներ արեցին և սկսեցին կրել խակ կանաչ անթև բաճկոններ ու տաբատներ:
Ինչպես 2011-ին գրել է ամերիկյան «Արարատ» ամսագիրը, ամենասկզբում Armenian Power-ի անդամները զբաղվել են սպանություններով, մարդկանց առևանգումներով, կողոպուտներով, ականատեսների ահաբեկումներով և տարբեր խարդախություններով: Սկզբում քիչ հայտնի խմբավորումը ժամանակի ընթացքում վերածվել է միջազգային սինդիկատի, որն իրականացնում էր բազմամիլիոնանոց խարդախություններ կրեդիտ քարտերի հետ և կազմակերպում անձնական տվյալների գողություն:
Հաղորդվում է, որ Լոս Անջելեսում տեղակայված խմբավորման առաջնորդները կապեր են պահպանել տեղի մեքսիկական մաֆիայի և Հայաստանի ու Ռուսաստանի «օրենքով գողերի» հետ: Դատական փաստաթղթերում նշվում է, որ Armenian Power-ի ու մեքսիկական մաֆիայի (EME) միջև համագործակցությունը եղել է խորհրդանշական: Մեքսիկական մաֆիան, որն ունեցել է մեծ թվով բանտարկված անդամներ ու գործընկերներ, բանտի ներսում ապահովել է Armenian Power-ի անդամների պաշտպանությունն ու կարգավիճակը: Դրա դիմաց Armenian Power-ն ապահովել է նրանց կողմից «հարկերի» հավաքման գործընթացը, աջակցություն ցուցաբերել մաքսանենգության գործում, այդ թվում՝ թմրանյութերի: Կողմերը միմյանց միջև կատարել են թանկարժեք նվերների՝ ավտոմեքենաների ու զենքի փոխանակություն:
Մոտ երեք տասնամյակ տևած գործունեության գլխին սկսում են սև ամպեր կուտակվել 2011-ին: Հետաքննությունների դաշնային բյուրոն և մի շարք այլ գերատեսչություններ Armenian Power-ի նկատմամբ դրանից դեռևս երեք տարի առաջ սկսել էին իրականացնել «Էլեկտրականության անջատում» (Power Outage) ծածկանվամբ օպերացիան:
Խմբավորումը, որում հաշվվում է 250 անդամ, հիմնականում կազմված է երիտասարդ հայ ներգաղթյալներից և նախկին խորհրդային պետությունների ներկայացուցիչներից: Մհեր Դարբինյանին («Կապոնե», «Կեպս»,«Հոլիվուդցի Մայք») անվանում են Armenian Power հանցավոր խմբավորման պարագլուխ:
2011-ին փետրվարի 16-ին իշխանությունները հայտարարեցին շուրջ 100 անդամների դեմ քրեական գործեր հարուցելու մասին, ովքեր մեղադրվել են առևանգման, շորթման, խարդախությունների մի քանի տեսակների, անօրինական ազարտային խաղերի կազմակերպման, թմրանյութերի վաճառքի մեջ, ինչի արդյունքում նրանք 20 մլն դոլարի շահույթ էին ստացել:
Դատախազությունն այդ ժամանակ հայտարարեց, որ դա այդ տեսակի մեջ առաջին խոշոր գործն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Ձերբակալությունները կատարվել էին ոչ միայն հայկական վիթխարի համայնք ունեցող Կալիֆոռնիայում, այլև Դենվերում և Մայամիում:
Գործով մեղադրական փաստաթուղթը, որը հրապարակվել էր 2011-ի փետրվարին, կազմված էր 212 էջից: Դատախազության կողմից պաշտպանությանը ներկայացված ապացույցների բազայում հաշվվում էր 500 հազար փաստաթուղթ և 50 հազար զրույցների ձայնագրություններ:
Խմբավորումը Հոլիվուդի հյուսիսի արդյունաբերական գոտում գրասենյակային տարածք էր վարձակալել, որտեղ ոստիկանությունը գտել էր սարքեր՝ քարտերի մագնիսական գծերի կոդավորման և բենզալցակայաններում տվյալների գողության համար:
Խմբավորման անդամների տրամադրության տակ էր եղել նաև ավտոնորոգման ծառայության լոսանջելեսյան մի գրասենյակ, որտեղ անդամները մարիխուանայի փաթեթավորում են իրականացրել: Հաղորդվում է Գլենդելում մարիխուանայով ֆուրգոնի առևանգման դեպքի և Սան Ֆերնանդոյի հովտի մի քանի տներում կանեփի աճեցման մասին:
Քննիչները որսացել էին զրույցները, որոնցում քննարկվում էր պարարտանյութի գնմանը, բույսերի ջրմանն ու ապրանքի փաթեթավորմանը վերաբերող հարցեր: Տներից մեկում առգրավվել էր տնային պայմաններում աճեցված 5 ֆունտ մարիխուանա և «Բերետա-96» ատրճանակ:
Խմբավորումը Սան Ֆերնանդոյում կազմակերպել է թղթախաղի ընդհատակյա մրցարշավներ: Դրանցից մեկի հաղթողին տրվել է 10 հազար դոլար, մեկ այլ մրցարշվի հաղթոնին՝ 5000 դոլար:
Հյուսիսային Հոլիվուդի տներից մեկում առգրավվել էր հայկական գերբով պոկերի սեղան, հազարավոր խաղաքարեր և տոկոսադրույքների ու պարտքերի մասին տետր:
Պարտատերերին սպառնացել են ողջ ընտանիքի հանդեպ վրեժխնդրությամբ, առևանգումներով ու ահաբեկումներով:
Բացի այդ, խմբավորման անդամները շեղել են 99 cents խանութների գանձնապահների ուշադրությունը և դրամարկղի տերմինալներում տեղադրել սարքեր, որոնք գողացել են տվյալները վարկային և դեբետ քարտերի մագնիսական գծերից: Այնուհետև այդ տվյալները տեղափոխվել են կեղծ քարտերի վրա, որոնց միջոցով նրանք կանխիկացում են կատարել տուժածների բանկային հաշիվներից: Դատախազությունը հավաստում է, որ միայն այդ խարդախությունը խմբավորմանը 2 մլն դոլար է բերել:
Մեկ այլ սխեմայի էությունը կայացել է բանկային աշխատողներին կաշառելու մեջ, ովքեր խաբեբաներին տրամադրել են իրենց հաճախորդների անձնական տվյալները: Նրանք զոհերի անունով բանկային հաշիվներ են բացել, նրանց անունից վարկեր ստացել:
2013-ի սկզբներին հայտնի էր դարձել այն մասին, որ Լոս Անջելեսի դաշնային դատարանի նախկին հայ աշխատակցուհին և նրա ամուսինն իրենց մեղավոր են ճանաչել անօրինական կերպով գաղտնի տեղեկատվությանը մատչելիություն ստանալու և դրա արտահոսքի մեջ: Այդ տեղեկությունն օգտագործվել էր տարբեր հանցագործությունների մեջ կասկածվողների, այդ թվում՝ Armenian Power ավազակախմբի անդամներին զգուշացնելու նպատակով:
Ամուսիններն ընդունել էին իրենց մեղքը: Հաղորդվում է, որ Ն. Գևորգյանը եղել է դատարանի ծառայող և զբաղվել է հանցագործությունների հետ կապված թղթաբանությամբ: 2011թ. փետրվարին նա բացել և նայել է Հարավային Կալիֆոռնիայի հայկական ավազակախմբի անդամների գործով կնքված մեղադրական եզրակացությունները: Կոշկարյանը միջնորդի դեր է ստանձնել՝ վաճառելով կնոջ կողմից ձեռք բերված տեղեկատվությունը:
Հաստատվել է, որ Ն. Գևորգյանը կնքված դատական փաստաթղթերը բացել է առնվազն երկու հետաքննության գործերով:
Գևորգյանի և Կոշկարյանի մասին FBI-ին պատմել է Armenian Power-ի անդամներից մեկը՝ հույս ունենալով նման կերպ մեղմացնել իր պատիժը:
Մինչ օրս դատապարտվել են 85 մեղադրյալներ: 2-ը սպասում են դատին, ևս 2-ը փախուստի մեջ են: Ամբաստանյալներից մեկի դեմ գործը կարճվել է:
Ինչպես այսօր արդեն տեղեկացրել էինք՝ 38-ամյա պարագլուխ Մհեր Դարբինյանի գործով դատավարությունը, որն անցկացվում է Լոս Անջելեսի դաշնային դատարանում, ավարտվել է մեղադրական վճռով: Նրան սպառնում է 973 տարվա ազատազրկում: Դարբինյանի դատավճիռը կկայացվի հուլիսի 14-ին:
Մհեր Դարբինյանը մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության 57 կետով, ներառյալ դավադրություն՝ կազմակերպված հանցավոր գործունեությունում մասնակցության նպատակով, շորթում, բանկային խարդախություն, կրեդիտ քարտերի հետ կապված խարդախություն, անձնական տվյալների գողություն, հրազենի պահում, ինչը նրան արգելված էր՝ կապված նախկին դատվածությունների հետ:
Ինչպես ասվում է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատախազության հայտարարությունում, գտնվելով բանտում, Դարբինյանը նաև մասնակցել է հանցավոր գործունեության՝ մեքսիկական մաֆիայի անդամների հետ համատեղ:
Դարբինյանի հետ դատապարտվել են նաև 35-ամյա Արման Շարոպետրոսյանն ու 29-ամյա Ռաֆայել Փարսադանյանը:
Դատախազների խոսքով՝ Դարբինյանն ու Շարոպետրոսյանը գումար են շորթել մի հայից, իսկ մի օր կազմակերպել նրա առևանգումը: Շարոպետրոսյանն այդ պահին կրելիս է եղել 25-ամյա ազատազրկման ժամկետը, որը ստացել էր 2012-ին բանկային խարդախությունների համար: Նա հրամաններ է տվել հանցակիցներին՝ օգտվելով բջջային հեռախոսներից, որոնք էլ նրան բանտ են հասցրել:
Ընդհանուր առմամբ՝ դժբախտը դրամաշորթներին վճարել է ավելի քան 20 հազար դոլար: Շարոպետրոսյանի դեմ վճիռը կկայացվի սեպտեմբերի 15-ին: Նա կարող է մինչև 60 տարվա ազատազրկման դատապարտվել:








































