Թուրքիան մտադիր է հրաժարվել«վերցրու կամ վճարիր» սկզբունքից՝ Ադրբեջանից և Իրանից գազի մատակարարման պայմանագրերի կատարման գործընթացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ փոխանցում է TRT Haber-ը:
«Մենք պետք է հրաժարվենք Ադրբեջանի և Իրանի նկատմամբ «վերցրու կամ վճարիր» սկզբունքով պայմանագրից, ինչպես դա տեղի է ունեցել ավելի վաղ Ռուսաստանի հետ»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Թուրքիան կհրաժարվի այդ սկզբունքով վճարից 2014-ին՝ Իրանի, իսկ 2015-ին Ադրբեջանի հետ պայմանագրերում:
«Այդ իսկ պատճառով Ադրբեջանն ու Իրանը պետք է ապահովեն գազամատակարարումը Թուրքիա բավարար ծավալներով, իսկ անբավարար ծավալով մատակարարման դեպքում նրանք չեն ներառվի այդ մեխանիզմ»,- ընդգծել է Յըլդըզը:









































