Կիրակի օրը Կարակասում Զատկի երթերի ժամանակ այրել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խրտվլիակը, գրում է El Nacional պարբերականը: «Ժողովրդավարության հարությունը» ակցիային մասնակցել են հարյուրավոր ցուցարարներ, նրանց թվում՝ ուսանողական շարժման ներկայացուցիչներ:
Ակտիվիստներն այրել են նաև երկրի այլ քաղաքական հայտնի գործիչների կերպարներ, այդ թվում՝ Լիբերտադոր մունիցիպալիտետի ղեկավար Խորխե Ռոդրիգեսի և ՆԳՆ ղեկավար Միգել Ռոդրիգես Տոռեսի խրտվիլակները: Ցույցի մասնակիցները բացատրել են, որ իրենք հարգանքի տուրք են մատուցել ավանդույթին, ըստ որի՝ ժողովուրդը մերժում է պետության ղեկավարներին, որոնք երկիրը ներկայիս վիճակին են հասցրել:
Մասնավորապես, Մադուրոյի խրտվիլակն այրել են տեղական արժույթի արժեզրկման, մթերքների թանկացման և անվտանգության մակարդակի անկման համար: Ակտիվիստներից մեկի խոսքով՝ վենեսուելացիներն ապրում են «ֆաշիստական վարչակարգի պայմաններում, երբ ցանկացածին կարող են սպանել անկյունից, և երբ մթերքների համար ժամերով հերթ են կանգնում»:








































