Կանդահար մարզի միջազգային օդանավակայանում հետաքննություն է սկսվել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի ղեկավարության կողմից գաղտնի բանտի հնարավոր կազմակերպման կապակցությամբ: Ապրիլի 21-ին «Պաժվոկ» գործակալությունը հայտնել է, որ երկրի հարավում կառավարական հանձնաժողով է ժամանել՝ հետաքննական միջոցառումներ անցկացնելու համար:
Գործակալության տվյալներով՝ համապատասխան ստուգման հրամանը տվել է անձամբ իսլամական հանրապետության ղեկավար Համիդ Քարզայը:
«Պաժվոկը» հայտնում է, որ Աֆղանստանի իշխանությունների տրամադրության տակ տվյալներ կան, որ Կանդահարի միջազգային օդանավակայանի տարածքում օտարերկրյա զինվորականները հավանաբար ապօրինի պահել են Աֆղանստանի քաղաքացիներին:
«ՆԱՏՕ-ի ուժերն օպերացիաներ են անցկացնում առանց մեզ հետ համաձայնցնելու,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի ՆԳ փոխնախարար, գնդապետ Ռահմատուլլա Ատրաֆին:- Մենք մտադիր ենք մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ քննարկել ձերբակալման յուրաքանչյուր առանձին դեպք և փակել անօրինական բանտը: Հույս ունենք, որ հետագայում Աֆղանստանում միջազգային ուժերի ղեկավարությունը նախօրոք մեզ կտեղեկացնի իր գործողությունների մասին»:
Գործակալության տեղեկությամբ՝ պետության ղեկավարին հետաքննության արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն մոտ ապագայում: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՆԳՆ, պաշտպանության նախարարության և նախագահի վարչակազմի աշխատակիցներ:








































