Business-Грузия-ի փոխանցմամբ՝ վրացի հանգստացողների գերակշիռ մասը գործնականում չպլանավորված է մեկնում հանգստի (այդպես չի վարվում միայն 10 տոկոսը)։ Դա մասնավորապես վերաբերում է ծովափնյա հանգստավայրերին։
Մինչդեռ մասնագետների կարծիքով՝ զբոսաշրջային գործակալություններին դիմելը կտնտեսեր ոչ միայն նրանց ժամանակը, այլև՝ ֆինանսները։ Դրա համար էլ հանգստի մեկնելուց առաջ հանգստացողներին խորհուրդ է տրվում դիմել զբոսաշրջային գործակալություններին անգամ այն դեպքերում, երբ նրանք մտադիր են տեղավորվել ոչ թե հյուրանոցներում, այլ մասնավոր տներում։
Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Վաժի Դիասամիձեն նշում է, որ հանգստացողների այդ սովորույթը երկու խնդիր է հարուցում. ա) հյուրանոցները նախապես չեն կարողանում պլանավորել իրենց ծանրաբեռնվածությունը և հետևաբար չեն կարողանում կողմնորոշվել գների հարցում, բ) դա խանգարում է ներքին զբոսաշրջային գործակալություններին, որոնք, հյուրանոցների հետ մեկտեղ, պետք է ձևավորեն ճկուն պայմաններ։
Այդ ամենի արդյունքում գներն առավել մատչելի կլինեն, ինչից կշահեն թե՛ հյուրանոցները, թե՛ գործակալությունները, թե՛ հանգստացողները։











































