Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովը ուղերձ է հղել ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցային, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ գրում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթում նշվում է, որ ուկրաինացի քաղաքական գործիչը պատրաստ է ստանձնել «դիվանագիտական առաքելությունը՝ Կիևի և Հարավարևելյան Ուկրաինայի շրջանների միջև երկխոսություն կազմակերպելու և նրանց բնակիչների շահերը ներկայացնելու առումով՝ ինչպես համազգային քննարկումների շրջանակներում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ ներառյալ ժնևյան հանդիպման շուրջ կայանալիք խորհրդակցությունները»:
«Ընդ որում՝ այդ առաքելությունն ինձ հանձնարարած քաղաքացիների առջև ես պատրաստ եմ անձնական պատասխանատվություն կրել դրանց արդյունքների համար»,- ասվում է ուղերձում:










































