Կենտրոնական բանկը երեկ հրապարակեց անցած տարվա ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվությունը, որտեղ նոր տվյալներ կան արտաքին մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կենտրոնական բանկը վերջերս հետազոտություն է անցկացրել տնային տնտեսությունների շրջանում, որից պարզվել է, որ ՀՀ բնակչության եկամուտներում պահպանվում է արտերկրից ստացվող ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների մեծ մասնաբաժինը:
«Ըստ ՀՀ ԿԲ հարցումների՝ արտերկրից փոխանցումներ ստանում են հարցված տնային տնտեսություններիշուրջ 16%-ը: Ըստ այդմ՝ վերոնշյալ փոխանցումները էական ազդեցություն են ունենում բնակչության կենսամակարդակի, վարկունակության, հետևաբար նաև ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա»,- ասված է Կենտրոնական բանկի հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվությունում:
Ուշագրավ է, որ նախկին տարիներին հարցվածների շատ ավելի մեծ տոկոսն էր նշում, որ եկամուտներ են ստանում արտերկրից (մինչև 30-35%-ը): Այն, որ դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների թիվը նվազել է՝ ամենայն հավանականությամբ կապված է արտագաղթի հետ: Արտագաղթած ընտանիքներն այլևս դեպի Հայաստան փոխանցումներ կատարելու կարիք չունեն: Սա չափազանց բացասական միտում է, որն այս պահի դրությամբ շարունակվում է:
Այնուամենայնիվ փոխանցումների ծավալը բավականին նշանակալի է: «ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների առաջանցիկ աճի պայմաններում աճել է նաև ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումներ/ՀՆԱ հարաբերակցությունը և կազմել 17%, ինչը այլ երկրների համեմատ բավականաչափ բարձր է»,- ասված է ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:
Հաշվետվությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ, դրամական փոխանցումների աճը դրական է անդրադարձել տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերի նվազման վրա: Այնուհանդերձ, փոխանցումների գերակշիռ մասը ստացվում է Ռուսաստանի Դաշնությունից (85.9%), ինչը մեծացնում է ՀՀ բնակչության եկամուտների և ֆինանսական համակարգի խոցելիությունը Ռուսաստանի Դաշնության տնտեսության հավանական բացասական զարգացումներից: «Մասնավորապես, ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները հիմնականում զբաղված են շինարարության ոլորտում, որտեղ տարվա ընթացքում գրանցվել է 1.5% անկում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությանը, ապա 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «ՌԴ-ից մեկնելու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն այդ փոփոխությունների՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած, ՀՀ քաղաքացիները, ովքեր չունեն աշխատանքային թույլտվություն, կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում»,- ասված է հաշվետվությունում: Դա նշանակում է, որ այդ քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում: Եվ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տնտեսության հեռանկարներին և Հայաստանի վրա դրա ազդեցությանը, ապա մեր ԿԲ-ն ևս այստեղ այնքան էլ լավատես չէ:
«2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի տեմպը շարունակաբար դանդաղել է, գնաճը բարձր է եղել նպատակային միջակայքից, իսկ հիմնական տնտեսական ռիսկերը շարունակել են մնալ օրակարգային: ՌԴ Էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ իրավիճակը ՌԴ տնտեսությունում կրում է նախաճգնաժամային նշաններ, նկատվում է տնտեսական աճի նվազում և բարձր գնաճ: Տնտեսական աճի դանդաղումը, կապիտալի արտահոսքը, արժութային շուկայի անբարենպաստ իրավիճակը (տարեսկզբից ռուբլու արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 11%), Ռուսաստանի կենտրոնական բանկի՝ մարտի 3-ին բազային տոկոսադրույքի բարձրացումը 5.5-ից 7% էականորեն կարող են փոխել Ռուսաստանի տնտեսության զարգացման ուղղությունները՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ: Այս համատեքստում, կախված Ռուսաստանի զարգացումներից, ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա ազդող ռիսկերի ուղղություններն առայժմ անորոշ են»,- ասված է ֆինանսական կայունության հաշվետվությունում:







































