Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում, նշել է, որ եթե այդպիսի գործողությունները շարունակվեն, Ուկրաինան կկորցնի ամեն ինչ, իսկ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի, հայտնում է «Գրուզիա Օնլայն»:
«Խլելով Ղրիմը՝ խլել են ամեն ուկրաինացու եկամտի 25%-ը: Այնտեղ կա գազ, զբոսաշրջային ներուժ, որը լիովին յուրացված չէր: Իրականում հիմա ձեզնից ամեն ինչ խլում են Արևելյան Ուկրաինայում: Դժվար է նայել նրան, որ պատերազմից առաջ ձեր ռազմական ղեկավարն իր զինվորներին պատմում է, որ ռուսական բանակն այնքան ուժեղ է, որ անիմաստ է նրա դեմ կռվելը: Ձեզ արդեն ամբողջ աշխարհը գործելու կոչ է անում, այդ թվում՝ պացիֆիստները: Եվրոպայի ամենամեծ պետությունը մասերի են բաժանում: Եթե այսպես շարունակվի, դուք ամեն ինչ կկորցնեք, բայց Պուտինը կանգ չի առնի:
Բոլոր ժողովուրդները պահեր ունեն, երբ որոշվում է նրանց ապագան: Եթե 2008-ին ես չհրամայեի ընդդիմանալ ռուսական բանակին, այսօր մենք չէինք ունենա ո՛չ մայրաքաղաք, ո՛չ պետություն: Մեր տասնյակ անգամ քիչ բանակը, քան Ուկրաինայինն է, միևնույն է, որոշեց դիմադրել: Ես հիմա չեմ կարող պատերազմել, բայց մենք փրկեցինք պետականությունը: Եվ եթե իշխանության մարմինները չեն կարող գործել մինչև վերջ, ապա պետք է այդ հնարավորությունը տալ ժողովրդին:
Ես շատ ընկերներ ունեմ Արևելյան Ուկրաինայում, և նրանց բացարձակ մեծամասնությունն Ուկրաինայի նվիրյալ է: Պետությունը պաշտպանելու հնարավորություն տվեք այդ մարդկանց, որովհետև Դոնեցկում 20 մարդ կրակով գրավել է պետական շենքը: Դա ամոթ է: Հնարավոր չէ, որ 20 մարդ կարողանա պետության համար կարևոր շենքը գրավել»,- ասել է Սաակաշվիլին:










































