ԱՄՆ Գուանտանամո ռազմաբազայի դատարանը երկրի իշխանություններից պահանջել է տեղեկություններ տրամադրել ԿՀՎ գաղտնի բանտերի մասին՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Այսպիսի վճիռ է կայացվել Սաուդյան Արաբիայից Աբդ ալ-Ռահիմ ազ-Նասիրիի դատի ժամանակ, որն անցնում է 2000 թվականին ամերիկյան Cole ականակրի ոչնչացման գործով:
Դատավոր Ջեյմս Փոլը կառավարությանը կարգադրել է տրամադրել այն «գաղտնի բանտերի» անունների, ամսաթվերի և գտնվելու վայրերի մասին տվյաները, որտեղ ազ-Նասիրին գտնվել է 2002-2006թթ., երբ նրան փոխանցել են Գուանտանամո:
Ազ-Նասիրիի իրավաբան Ռիք Քամմերի խոսքով՝ այս որոշումն ամերիկյան կառավարությանը պարտավորեցնում է տրամադրել «հսկայական ծավալով տվյալներ, որը վերաբերում է, այսպես կոչված, RDI ծրագրին» և ԿՀՎ աշխատակիցների ձերբակալման և հարցաքննության գործընթացին: Նա նշել է, որ դատարանի որոշման առնչությամբ ԱՄՆ կառավարության պատասխանն իրեն հայտնի չէ:
Գուանտանամոյի մեկ այլ բանտարկյալի իրավաբանի՝ Ջեյ Քոննելի խոսքով՝ դատավորի որոշումը վերաբերել է տեղեկատվության 9 կատեգորիաների փոխանցմանը, այդ թվում՝ գտնվելու վայրերի տվյալների ժամանակագրությանը, աշխատակիցների անուններին, ընթացակարգերին, հարցաքննությունների միջոցներին:
Աբդ ալ-Ռահիմ ազ-Նասիրին անցնում է 2000 թվականի հոկտեմբերի 12-ին Եմենի Ադեն նավահանգստում ամերիկյան Cole ականակրի ոչնչացման գործով, որի պայթյունի ժամանակ զոհվել է 17, վիրավորվել 37 մարդ:









































