Գլենդելաբնակ Ռաֆայել Փարսադանյանը մեկն է այն երեք հայազգի տղամարդկանցից, ում դատարանը հինգշաբթի մեղավոր է ճանաչել 99 Cents Only խանութների հարյուրավոր գնորդների տվյալների գողության ու բանկային խարդախության գործով: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:
Մյուս երկուսը՝ Մհեր Դարբինյանն ու Արման Շարոպետրոսյանը, նույնպես մեղավոր են ճանաչվել կրեդիտ քարտերի պատճենման գործում իրենց մասնակցության համար: Հաղորդվում է, որ նրանք կապեր են ունեցել Armenian Power կազմակերպված հանցավոր օղակի հետ:
Քննության նյութերի համաձայն՝ Դարբինյանը ձեռք է բերել կրեդիտ քարտեր պատճենող սարքեր և բաժանել հանցակիցներին, ովքեր դրանք գաղտնի տեղադրել են Հարավային Կալիֆոռնիայի 99 Cents Only խանութներում՝ զոհերին պատճառելով ավելի քան 2 մլն դոլարի վնաս:
Դարբինյանն ու Փարսադանյանը բաժանել են զոհերից գողացված տվյալները հանցակիցներին, ովքեր կեղծ կրեդիտ քարտերի կիրառմամբ զոհերի բանկային հաշիվներից գումար են դուրս բերել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Փարսադանյանի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին գործին կապող միակ ապացույցը հեռախոսազանգերն են այլ ամբաստանյալների հետ, ինչը, ըստ նրա, անորոշ է և ոչ համոզիչ:
Թե երբ կկայանա գործով դատավճիռը՝ հայտնի չէ:











































