Եվ այսպես՝ Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ հայտարարեց կոալիցիայից հրաժարվելու մասին, թեև այս հայտարարությունը բավական հատկանշական էր այն առումով, որ Դաշնակցությունն ըստ կառավարության աշխատանքի է պայմանավորելու վերաբերմունքն ու հետագա գործակցության ձևաչափը: Թեև եթե սա չլիներ, ապա երևի թե հայտարարության հեղինակը Դաշնակցությունը չէր լինի: Այսինքն՝ առանց «կողմ ըլլալով դեմ ըլլալու» ի՞նչ Դաշնակցություն:
Փաստորեն՝ ոչ իշխանական քառյակի կազմից նոր կոալիցիոն դուրս չեկավ, և ՀՀԿ-ին որպես կոալիցիոն գործընկեր երևի թե մնաց միայն ՀՀԿ-ի տատիկը, որը աղոթում էր Հովիկ Աբրահամյանի վարչապետության համար: Կամ այլ կերպ ասած՝ «հրաշալի քառյակի փոխարեն» ՀՀԿ-ին մնաց «հրաշալի տատիկը»:
Խորհրդանշական է, անշուշտ, եթե նկատի առնենք այն, որ նախագահական երկրորդ ժամկետը Սերժ Սարգսյանն սկսեց իր հանգուցյալ տատիկի խոսքերի մեջբերումով՝ «բա մենք սրա համա՞ր ենք հավաքվել»: Եվ այս հարցն այսօր ակտուալ է ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական դասավորվածության առումով: «Սրա՞» համար էր այս ամբողջ աղմուկը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը, կոալիցիայի մասին տեղեկատվական տորպեդահարումները: Ինչո՞վ է զբաղված հայաստանյան քաղաքական դաշտը՝ ընդհանրապես, իշխանությունները՝ մասնավորապես:
Սրա՞նք են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանն արտաքին մարտահրավերներին ադեկվատ դարձնելու համար: Պալատական այդ ինտրիգնե՞րն են այն, ինչը պետք է Հայաստանին աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և գրեթե վառոդի տակառի վերածված տարածաշրջանում: Սա՞ է, որ պետք է կանխի Հայաստանը դատարկող արտագաղթը, պետք է կանխի Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին, պետք է կանխի Հայաստանը քաղաքական քարտեզի վրայից որպես սուբյեկտ, որպես գույն չեզոքացնելու այս գործընթացը:
Կարծես կոալիցիա մտնել կամ չմտնելով, այնտեղից դուրս գալով կամ չգալով, կոալիցիա կազմելու առաջարկով կամ չառաջարկով այս քաղաքական ուժերը մեծ ծառայություն են մատուցում հասարակությանն ու պետությանը:
Հայաստանի քաղաքական ուժերն, իհարկե, լավ սովորել են սեփական մանր, անձնական-գրպանային խնդիրները կամ կլանա-խմբակային հարցերը պետական ռազմավարության նմուշներով փաթեթավորելու արվեստը, սակայն այդ ամենն արդեն ակնհայտորեն չի ստացվում, որովհետև գոնե նմուշի համար այլևս պետական ռազմավարություն չեն թողել, չի մնացել, ամբողջը փաթեթավորել վերջացրել են, վերածել են դեն նետելու ապրանքի:
Հիմա միմյանց կոալիցիա են առաջարկում, 7 կետեր են առաջարկում, կալկուլյատորները վերցնում՝ կետեր են գումարում-հանում, և նրանց թվում է, թե զբաղված են պետության ճակատագրի շուրջ լուրջ մտորումներով, պետությունը փրկելով, անվտանգության հարցերը լուծելով:
Ցինիզմը Հայաստանում հասել է գաղափարական մակարդակի, դրան այնպես են տրվում՝ կարծես գնում են գաղափարի համար զոհվելու: Էլ ի՞նչ է մնում այս մթնոլորտում իշխանություն պահելու համար: Դե, իհարկե, ժամանակ առ ժամանակ մի քիչ յուղ լցնել կրակի վրա: Ինչ-ինչ, սակայն դա Հայաստանի իշխանությունների մոտ միշտ է ստացվել ու ստացվում, իշխանությունների մոտ երկու բան է լավ ստացվում՝ յուղ վառել պետության շարժիչով և յուղ լցնել պետության տակ վառվող կրակի վրա:
Ի՞նչ կապ ունի՝ մտնում եք կոալիցիա, թե չեք մտնում, եթե Հայաստանը մտնում է Ռուսաստանի ամենահեռու կամ խորը հատվածները և՝ ոչ մի ծպտուն: Ի՞նչ կապ ունի՝ մտնում եք կոալիցիա, թե չեք մտնում, եթե իշխանությունները պատրաստվում են ապրիլի 29-ին հերթական մեխը մեխել Մաքսային միությանը Հայաստանին գամելու հարցում, իսկ դուք ոչ միայն շուրջօրյա, գեթ կեսժամյա հանրահավաք չեք պատրաստվում անցկացնել դրա դեմ պայքարի համար: Կոալիցիան խոսքը չէ, թուղթը չէ, կոալիցիան գործն է:









































