Հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժակ Մուենվիլի հանդիպման ժամանակ։
Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ երկարաժամկետ փոխշահավետ գործակցության։
Ժակ Մուենվիլը Երևանի քաղաքապետին է ներկայացրել գործակալության գործունեության ուղղությունները՝ նշելով, որ այն հենված է ինչպես ֆինանսավորման, այնպես էլ երկարաժամկետ գործակցության վրա։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը, որպես պետական կառույց, ծրագրեր է իրականացնում մի շարք երկրների մայրաքաղաքների ու քաղաքների հետ ջրամատակարարման, էներգամատակարարման, հասարակական տրանսպորտի, քաղաքաշինության և այլ ոլորտներում։
Կողմերը քննարկել են ֆրանսիական ընկերության կողմից կառավարվող «Երևանջուր» ընկերության ֆինանսական աջակցության, հասարակական տրանսպորտի զարգացման և մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները՝ երկուստեք նշելով, որ այդպիսի գործակցության ռեալ հիմքերն առկա են։
Փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում առաջիկայում գործակցության կոնկրետ ծրագիր կառաջարկվի։








































