Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կտրուկ սրումը երկիրը, ըստ էության, կարող է հասցնել քաղաքացիական պատերազմի շեմի: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը՝ Պուտինը նաև հիշեցրել է Ուկրաինայի տնտեսության կայունացման հարցերի լուծման կարևորությունը:
Կանցլերի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Պուտինն ու Մերկելը տարբեր գնահատականներ են տվել ուկրաինական իրավիճակին: Զրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Երկու երկրների առաջնորդները նշել են ապրիլի 17-ին նշանակված քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, Ուկրաինա) բանակցությունների կարևոր նշանակությունը: «Նրանք հույս են հայտնել, որ Ժնևի հանդիպմանը կհաջողվի հստակ ազդանշան տալ, որը կնպաստի իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու»,- հավելել են Կրեմլի մամլո ծառայությունում:
Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Պուտինը նշել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի սրումը Կիևի անպատասխանատու քաղաքականության հետևանքն է, որն արհամարհել է երկրի ռուսախոս բնակիչների օրինական իրավունքներն ու շահերը:
Երեքշաբթի Ուկրաինայի ուժային գերատեսչությունները Դոնեցկի մարզում հատուկ գործողություն են անցկացրել:









































