Քեսաբահայությունն ավելի՞ արժեքավոր է, քան սիրիացիները, որոնք 3 տարի շարունակաբար սպանվում են Սիրիայում: «Առաջին լրատվական»-ի հետ բացառիկ զրույցում այս մասին ասաց սիրիացի գրող, հրապարակախոս, այլախոհ, նախկին քաղբանտարկյալ, ներկայում Սիրիայի ընդդիմության աջակից Յասին Ալ Հաջ Սալեհը՝ անդրադառնալով Քեսաբի հայաթափմանը:
Հարցին՝ ինչո՞ւ Քեսաբը հայաթափվեց, և ինչո՞ւ հիմա Քեսաբով սիրիական պատերազմը վերադարձավ միջազգային օրակարգ, երբ Ղրիմի անեքսիան որոշակիորեն ստվերել էր սիրիական պատերազմը՝ որոշակիորեն հանդարտեցնելով նաև, նա պատասխանեց, որ չգիտի՝ արդյոք սիրիական ճգնաժամը միջազգային հանրության ուշադրությունը գրավեց Քեսաբո՞վ, թե՞ ոչ:
Ըստ նրա՝ եթե այդպես է, ապա կա՛մ Քեսաբի հայությունն է ավելի արժեքավոր ժողովուրդ, քան այն սիրիացիները, որոնք երեք տարի շարունակաբար սպանվում են Սիրիայում, կա՛մ միգուցե այս աշխարհն է հիվանդ, և չի կարծում, թե պետք է պայքարել Ասադի ռեժիմի կողմից ամեն օր հարյուրից ավելի սիրիացիների սպանդի, տեղահանությունների դեմ այն ժամանակ, երբ միակ բանը, որն ուշադրության է արժանի, հայերի տեղահանությունն է Քեսաբից: Նրա որակմամբ՝ այս հիվանդությունը ունի մեկ անուն՝ ռասիզմ:
«Պատերազմի տարիներին ավելի քան 9 միլիոն սիրիացի է տեղահանվել Սիրիայից: Քեսաբի հայերը տեղահանվել են, քանի որ երկրում պատերազմ է, պատերազմ, որը Ասադի ռեժիմն է սկսել իր դեմ անցկացվող բողոքներից հետո:
Հայերի տեղահանությունը Քեսաբից չի կարող տարբերվել այլ քաղաքացիների տեղահանությունից, եթե Դուք կարծում եք, թե հայերի կյանքն ավելի կարևոր է, քան սիրիացիներինը: Երևի գիտեք, որ Քեսաբում ոչ մի հայ չի սպանվել, Դուք գիտե՞ք: Ես ուզում եմ ավելացնել, որ «Ալ-Նուսրա» ճակատի գոյությունը սիրիական ռեժիմի սկսած պատերազմի արդյունքն է»,- նշեց նա:
Յասին Ալ Հաջ Սալեհն ասաց. «Գիտեք, թե ինչ են ասում շատ սիրիացիներ. նրանք ասում են՝ կցանկանայինք հայ լինել, որպեսզի աշխարհը հոգ տաներ մեր մասին»:
Առաջարկում ենք սիրիացի ընդդիմադիր Յասին Ալ Հաջ Սալեհի հետ «Առաջին լրատվական»-ի ծավալուն հարցազրույցին ծանոթանալ ավելի ուշ:










































