«Սա հնարավորության այն պատուհանն է, որը Վաշինգտոնի հայկական լոբբին կարողացավ օգտագործել։ Իսկ եթե չօգտագործեր այս կարճ ժամանակահատվածը, ոչինչ էլ տեղի չէր ունենա, և ամերիկացիները թքած կունենային այդ հարցի վրա՝ ճիշտ այնպես, ինչպես ամբողջ կյանքում բոլորն էլ թքած ունեն բոլորի վրա։ Դա շատ ողբերգական է, ստոր, զզվելի, բայց դա այդպես է։ Ի՞նչ արած։ Այդպիսին է կյանքը»։
Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների հայ համայնքի ակտիվ գործիչներն ու կազմակերպությունները պայքարել են միջազգային հարաբերությունների համակարգում հսկայական ազդեցություն ունեցող այս երկրի խորհրդարանի և կառավարության կողմից իրենց պապերի, մայրերի, քույրերի, եղբայրների նկատմամբ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված սարսափելի ոճիրը՝ Հայոց մեծ եղեռնը, որպես ցեղասպանություն, մարդկության դեմ կատարված հանցագործություն ճանաչելու և դատապարտելու համար։ Այս տեսանկյունից նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ (405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ) ընդունված թիվ 296 բանաձևը միանշանակորեն կարելի է պատմական որոշում համարել։ Թե ինչպե՞ս այս պատմական որոշումը հնարավոր դարձավ, ի՞նչ գործոններ ազդեցին դրա վրա՝ առանձին քննարկման հարց է։
Մեկ այլ կարևոր հարց է այն, թե Ներկայացուցիչների տան թիվ 296 բանաձևը ի՞նչ կփոխի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում, և որքանո՞վ այն կազդի ամերիկյան կառավարության ու մասնավորապես նախագահի դիրքորոշման վրա։ Խնդիրն այն է, որ ինչպես նախկինում ընդունված դատապարտող հայտարարությունները, այնպես էլ կոնգրեսականների այս նոր փաստաթուղթը չունի իրավական պարտադիր ուժ և ըստ էության քաղաքական փաստաթուղթ է։ Ու հիմա բոլորը սպասում են, թե ինչպե՞ս կարձագանքի ամերիկյան պառլամենտի վերին պալատը՝ Սենատը, որտեղ արդեն իսկ շրջանառվում է համանման՝ թիվ 150 բանաձևը, որին աջակցություն են հայտնել 100 սենատորներից 20-ը, այդ թվում՝ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Միթ Ռոմնին։ Փորձագետներից շատերը կարծում են, որ Սենատի քվեարկությունը կարող է կախված լինել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումից, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում։
Ռուսաստանցի հայտնի արևելագետ, Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, որը նախկինում բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, Ներկայացուցիչների տան որոշումից հետո ասել է, որ ընդունված բանաձևը մասամբ ուղղել է Հայոց ցեղասպանության հետ կապված անարդարությունը։ Այնուամենայնիվ, մասնագետը առանձնապես ոգևորված չէ կոնգրեսականների բանաձևից ու չի կարծում, թե դա կարթնացնի, այսպես ասած, համաշխարհային հանրության խիղճը, քանի որ «ոչ ոքի երբևէ չի հետաքրքրել որևէ ժողովրդի ցեղասպանությունը»։
Իսկ դրա ճանաչումը, Սատանովսկու կարծիքով, հիմնականում կապված է լինում քաղաքական ինչ-ինչ հարցերի և զարգացումների հետ։ Տվյալ պարագայում Ներկայացուցիչների տան բանաձևի ընդունումը Սատանովսկին ուղղակիորեն կապում է թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացման հետ։ «Ցանկացած ցեղասպանության ճանաչում կապված է քաղաքական ինչ-ինչ սպեկուլյացիաների հետ, տվյալ դեպքում՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ։ Բայց որքան էլ տխուր է, այնուամենայնիվ, ծայրաստիճան միամտություն է ակնկալել, որ միջազգային ասպարեզում ինչ-որ մեկի խիղճը կարթնանա, և մարդիկ կսկսեն լրջորեն ճանաչել ցեղասպանությունը, քանի որ դա եղել է ցեղասպանություն։ Իսկ ի՞նչ կարող է տալ այդ ճանաչումը և ո՞ւմ։ Նրանց, ովքեր զոհվել են, դա արդեն ոչինչ չի կարող տալ։ Հայաստանին, որպես պետության, հավանաբար բարոյական բավարարման որոշակի զգացում կտա։ Եկեք հասկանանք, որ այս հարցի առնչությամբ առայժմ իր խոսքը չի ասել Կոնգրեսի վերին պալատը, և չի ասել նախագահը։ Ընդհանրապես նմանատիպ հարցադրումները՝ «ի՞նչ կտա» կամ «ի՞նչ չի տա», ես երբեք չեմ կարևորել և անիմաստ եմ համարում»,- նշեց Եվգենի Սատանովսկին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։
Այն հույսերը, թե ամերիկացիների քայլը կարող է լրջորեն ազդել Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի վրա, Սատանովսկին պատրանք է համարում։ «Դա պատրանք է։ Այդպիսի պատրանք ունեն թե՛ հրեաները և թե՛ հայերը։ Այս իմաստով երկու ժողովուրդները շատ նման են իրար։ Բոլորին թվում է, թե ցեղասպանության ճանաչումը ինչ-որ բան կտա այն տեսակետից, որ դրան ինչ-որ բան կհաջորդի։ Ո՛չ։ Դա ոչինչ էլ չի տա։ Ով ճանաչեց՝ ճանաչեց։ Ոչ ոք Ամերիկայից օրինակ չի վերցնելու։ Ասացեք, խնդրեմ։ Ես հարց ունեմ։ Միացյալ Նահանգներն իր դեսպանությունը Իսրայելում տեղափոխեց Երուսաղեմ, և դրա մասին հայտարարեց Թրամփը։ Հայաստանը դրանից հետո դեսպանություն բացե՞ց Երուսաղեմում։ Դուք ասում եք, որ Ամերիկային հետևելով՝ այլ երկրներն էլ պիտի ճանաչեն։ Բայց իրավիճակը շատ պարզ է. ոչ ոք Ամերիկայի հետքերով որևէ բան չի անելու։ Ամեն մեկն ունի իր շահերը, շահերի իր հաշվեկշիռը։ Հայաստանն իր շահերն ունի Իրանի, արաբական երկրների հետ։ Եթե Իսրայելը 200 անգամ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչին ես միշտ եմ կողմ արտահայտվել, այդուհանդերձ, կարելի է 100 տոկոսով ասել, որ Հայաստանը դրանից հետո դեսպանություն չի բացի Երուսաղեմում, քանի որ Հայաստանը շատ ավելի կարևոր շահեր ունի Թեհրանում, Դամասկոսում, Կահիրեում և բոլոր այն վայրերում, որտեղ մեծ թվով հայեր են ապրում։ Դա նորմալ քաղաքականություն է։ Այն այնպիսին է, ինչպիսին որ կա։ Այս իմաստով ամերիկյան Կոնգրեսը որևէ բան չի արել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար։ Սա առանձին թեմա է, որը, կրկնում եմ, գոնե մի քիչ ուղղում է անարդարությունը այս ողբերգության նկատմամբ, որն ավելի քան 100 տարվա վաղեմություն ունի։ Սակայն դրա փաստը մինչ օրս աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել։ Բայց ոչ ավելին։ Այսպիսին է իրական կյանքը։ Փառք Աստծու, այնպես ստացվեց, որ Կոնգրեսը, հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը, պատրաստ եղավ գնալ դրան։ Սա հնարավորության այն պատուհանն է, որը Վաշինգտոնի հայկական լոբբին կարողացավ օգտագործել։ Իսկ եթե չօգտագործեր այս կարճ ժամանակահատվածը, ոչինչ էլ տեղի չէր ունենա, և ամերիկացիները թքած կունենային այդ հարցի վրա՝ ճիշտ այնպես, ինչպես ամբողջ կյանքում բոլորն էլ թքած ունեն բոլորի վրա։ Դա շատ ողբերգական է, ստոր, զզվելի, բայց դա այդպես է։ Ի՞նչ արած։ Այդպիսին է կյանքը»,- այսպես մեկնաբանեց Սատանովսկին իրավիճակը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։









































