Եվրոպական մի շարք երկրներում ատելության խոսքի կիրառումը քրեականացված է և օրենքով արգելված է, բայց ոչ Հայաստանում։
Այս խնդրի լուծումը ո՞րն է, և այն ո՞ւմ պատասխանատվության տիրույթում պետք է դիտարկել․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Իզաբելլա Սարգսյանը պատասխանեց․ «Որքան ես գիտեմ՝ ատելության խոսքի միջազգային օրենքի սահմանում չկա։ Այսինքն՝ կան տեղական մակարդակներում, բայց կոնվենցիայի մակարդակում չկա, որովհետև նաև եվրոպական երկրներում մեծ բանավեճ է գնում, թե որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը և որտեղ է սկսում ատելության խոսքը։ Օրինակ՝ հանցագործություններ ատելության հիմքով հստակ ձևակերպված է և շատ երկրների, այդ թվում՝ Քրեական օրենսգրքերն են դրանք կարգավորում, իսկ ատելության խոսքն այլ թեմա է։ Արդյոք ուզո՞ւմ ենք ունենալ ատելության խոսքը ձևակերպող օրենք, դա մեկ այլ հարց է և կարիք ունի առանձին քննարկման, որովհետև շատ երկրներում, որտեղ կան նմանատիպ օրենքներ, կան նաև վերահսկելու հատուկ գործիքներ։ Օրինակ՝ Ռուսաստանում կա այսպես կոչված՝ «Ռոսկոմնադզոր» կազմակերպությունը, որը վերահսկում է, կարող է տանել մեկ այլ ծայրահեղության, թե որքանով ենք մենք ուզում, որ այն պետության կողմից կարգավորվի։ Ես կարծում եմ, որ քաղհասարակությունը, մենք ինքներս, եթե ձև չգտնենք այն կարգավորելու, ուշ թե շուտ, պետությունն այդ առաքելությունը կվերցնի իր ձեռքը»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց․ «Պրոբլեմն այն է, որ մենք հստակ չգիտենք, թե ինչ է ատելության խոսքը։ Եթե լավ հասկանայինք, ապա կարող էինք նաև օրենք գրել։ Օրինակ՝ ԱՄՆ-ում առաջնայնությունը խոսքի ազատությունն է, մարդու ազատությունն է՝ ինչպես իրենք են պատկերացնում։ Դա բերել է նրան, որ, օրինակ, նեոնացիստները կարող են ինչ-որ նահանգներում անցկացնել շքերթներ։ Այսինքն՝ Քրեական օրենսգիրքը եթե պահպանում ես, ուրեմն կարող ես նմանատիպ շքերթներ անցկացնել։ Գերմանիայում, օրինակ, Google-ը հատուկ պայմանավորվածություն ունի, որ նացիստական որևէ բան չի բերում։ Գերմանիայում շատ խիստ է։ Եթե դուք փողոցում անեք այն ժեստը, որով հռոմեացիները ողջունում էին կեսարին, կամ գերմանացիները՝ Հիտլերին, ապա ձեզ կձերբակալեն։ Այսինքն՝ շատ ծայրահեղ մոտեցումներ կան»։
Իսկ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց․ «Նախ ասեմ, որ ատելության կամ բռնության խոսքի կարգավորումն արդի ժամանակներում անխուսափելի է։ Դա է երևի պատճառը, որ միջազգային կառույցները նույն առաջարկությունն անում են նաև Հայաստանին։ Այն պայմանավորված է օբյեկտիվ զարգացումներով, որովհետև տեղեկատվական ոլորտ, տեղեկատվական դաշտ մտնում են նոր մարդիկ, որոնց կաշկանդելը՝ իրենց լեզուն, իրենց խոսքը, ուղղակի անհնարին է։ Երբ այնտեղ միայն լրագրողներն էին, այդ ժամանակ ինչ-որ մեխանիզմներ կարելի էր կիրառել, իսկ հիմա ցանկացած քաղաքացի ակտիվ տեղեկատվություն տարածող է և որևէ կաշկանդող հանգամանքներ չկա։ Այնպես որ, կարծում եմ՝ Քրեական օրենսգրքում նոր դրույթներ կամ ճշգրտող դրույթներ անհրաժեշտ են, որի մասին պետք է մտածել՝ խուսափելով հնարավորինս տարածական հասկացություններից»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































