«Հրայր Թովմասյանը նայել է հանրության աչքերին և ասել, որ այս նոր Սահմանադրությունը լավն է և հին օրենքով «շուստրիությամբ» դարձել է ՍԴ նախագահ: Նա բարոյական իրավունք չունի անգամ մեկ վայրկյան այդ աթոռը զբաղեցնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը՝ նրան հորդորելով գիտակցել և հրաժարական տալ:
Մեր զրուցակցի խոսքով՝ ոչ թե իշխանություններն են ճնշում, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, այլ հանրությունն է ճնշում իշխանություններին՝ պարտադրելով, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա. «Ես իշխանություն չեմ, ես հանրության ներկայացուցիչ եմ և պնդում եմ, որ նա պետք է հրաժարական տա: Իսկ հակառակ ճամբարը քաջալերում է, որ նա մնա, որպեսզի այս երկրում հստակությունը չկայանա, և մարդիկ, հիմնական գործով զբաղվելու փոխարեն, զբաղվեն երկրորդական գործերով»:
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների արդարացման գործընթացին, Դավիթ Մաթևոսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ով ինչպես է տպավորվել, բայց ես տպավորված չեմ և շատ դժգոհ եմ այդ գործընթացից: Մարտի 1-ից առաջ և հետո մարդկանց նկատմամբ կիրառվել է ոչ թե քրեական հետապնդում, այլ քաղաքական»:
Անդրադառնալով իր արդարացման գործընթացին՝ նախկին քաղբանտարկյալն ասաց. «Չի բացառվում, որ գործը մակագրվի այն դատավորին, որն ինձ ազատազրկման վճիռ է կայացրել: Չի բացառվում, որ դատախազության ներկայացուցիչը լինի այն դատախազը, որը պաշտպանել է միջնորդությունը: Չի՛ կարելի այս ճանապարհով գնալ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































