ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ վարչապետի անձը մեր երկրում ոչինչ փոխել չի կարող, եթե կատարելու է Սերժ Սարգսյանի հրամանները: Պատգամավորը նման կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուն:
«Մենք ասել ենք և նորից պետք է կրկնենք՝ վարչապետի անձով չի պայմանավորված բոլոր չարքիները մեր երկրում, և ով էլ վարչապետ դառնա, եթե չունի ինքնուրույնություն, և դա պայմանավորված է զուտ քաղաքական շահով, ոչ թե տնտեսության վերականգնման ու ժողովրդի բարեկեցության նպատակով, այդ դեպքում կարևոր չէ, թե ով պետք է լինի վարչապետը»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք Աբրահամյանն ընդունելի՞ է ՀԱԿ խմբակցության համար, քանի որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նա ընդունելի է բոլոր խմբակցությունների համար, Լյուդմիլա Սարգսյանն ասաց․ «Չեմ անձնավորում, ես նորից եմ կրկնում. եթե մեթոդները նույնն են, կառավարման համակարգը նույնն է մնում, և նոր վարչապետը շարունակում է սպասարկել քրեաօլիգարխիկ համակարգի շահերը»:
Հետաքրքվեցինք նաև, թե Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամական կապերը չե՞ն օգնի Հովիկ Աբրահամյանին, մեր զրուցակիցն ասաց․ «Ես այդ մասին կարծիք չունեմ, քանի որ նորից եմ կրկնում՝ ինձ համար կարևոր չէ անձը, եթե ամեն ինչ ուղղորդվում է Սերժ Սարգսյանի կողմից»:











































