Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքին մշտապես ակտիվ հետևողները հիշում են, թե տարիներ շարունակ ինչ դերակատարում ուներ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ինչպես էր նա իր հեղինակավոր կարծիքը հայտնում սահմանադրական փոփոխությունների, տարբեր առանցքային փոփոխությունների ժամանակ։ Նախկին իշխանություններն էլ այսպես թե այնպես ականջալուր էին լինում նրա կարծիքին, խորհրդատվություն անցկացնում։
Սահմանադրական դատարանում արդեն տևական ժամանակ ստեղծված ճգնաժամը մտահոգել է նաև Բուքիքիոյին։ Նա օրերս հայտարարել է. «Չափազանց անհանգստացած եմ մի կողմից՝ կառավարության ու Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև եղած բացահայտ կոնֆլիկտով։ Դեպքերի արագ իրար հաջորդելն ու վերջին իրադարձությունները լրատվամիջոցների կողմից անընդհատ քննարկման առարկա դառնալը չեն նպաստում խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը»։ Իսկ ահա «Շանթ» հեռուստաընկերության եթերում էլ Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարվածների տակ է, և որ ՍԴ դատավորի մանդատը ոչ քաղաքական է։
Փաստաբան Կարապետ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցնում է, որ այդ մտահոգությունները, որոնք հայտնել է Բուքիքիոն, Վենետիկի հանձնաժողովն արտահայտել է իր եզրակացության մեջ։
«Ես չեմ կարծում, թե մեր երկրում խնդրի լուծումը մտահոգությունների պատճառ կարող է դառնալ։ Իրենք ուզում են, որ նման խնդիրներ չառաջանան, իրավական համակարգի կայունությունը պահպանվի, ՍԴ-ի գործունեությունը լինի շարունակական։ Ես վստահ եմ, որ լուծումները եթե գտնվեն, ապա բոլոր պահանջներին կհամապատասխանեն»,- նշեց փաստաբանը։
Հարցին՝ հավասարակշռվա՞ծ էր արդյոք Վենետիկի հանձնաժողովի նախագահի գնահատականը, թե՞ այն ավելի շատ ուղերձ էր իշխանություններին, Կարապետ Բադալյանը պատասխանեց. «Իրենց մտահոգության առարկան հենց իրենք են, որովհետև իրենք են թույլատրել օրենքների փոփոխությունները։ Իրենք իրականությունից կտրված օրենքների տեքստերը հաստատել են, ինչի հետևանքով էլ առաջացել են այս խնդիրները։ Հիմա Վենետիկի հանձնաժողովն ուզում է, որ իրենց հաստատած օրենքները չհանգեցնեն ցնցումների և քաոսի։ Բայց իրենցից ավելի շատ մենք ենք ուզում, որ հանգուցալուծումը լինի սահուն»։
Փաստաբանը նկատում է, որ Վենետիկի հանձնաժողովն ունի իր դեմքը փրկելու խնդիր։ «Եվ դրա համար էլ իրենք դեմ չեն, որ լինեն փոփոխություններ, միաժամանակ էլ մտահոգված են, որ փոփոխությունները կարող են խնդիրներ առաջացնել»,- նշեց նա։











































