Չինաստանի Լանչժոու քաղաքի բնակիչները խուճապահար սկսել են շշալցված ջուր գնել: Խուճապի պատճառն այն է, որ տեղական իշխանությունները հաստատել են քաղաքի ջրատարի մեջ կյանքի համար վտանգավոր քիմիական նյութի՝ բենզոլի առկայությունը, որը քաղցկեղ է առաջացնում: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Իշխանությունները 2,4 մլն բնակչությանը խորհուրդ են տվել խուսափել ծորակի ջուր օգտագործելուց: Փորձաքննությունը հաստատել է ջրատարով մատակարարվող ջրի յուրաքանչյուր լիտրում 200 միկրոգրամ բենզոլի առկայությունը՝ այն դեպքում, երբ առավելագույն անվտանգ չափը 10 միկրոգրամն է մեկ լիտրում:
Այդ հայտարարությունից հետո քաղաքի բնակիչները խանութներից գնել են ամբողջ ջուրը և նույնիսկ կաթն ու գարեջուրը:
Ներկայումս աղտոտվածության մեղավորը հայտնի չէ, սակայն տեղի էկոլոգիական բյուրոն հետաքննում է կատարվածի պատճառները:








































