Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել ԲՀԿ կազմակերպած «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով տնտեսական համաժողովին: Քիչ առաջ նախատեսված ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ելույթն այդպես էլ չկայացավ. ՀՀԿ-ական Վ. Այվազյանն այդպես էլ չեկավ համաժողովին: Նրա փոխարեն ելույթը երկարացրեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
Անդրադառնալով երկրում տիրող կոռուպցիային և իշխանության ու բիզնեսի սերտաճմանը՝ Վ. Խաչատրյանն ասաց. «Ստեղծված իրավիճակում կա մեկ լուծում՝ քաղաքական, տնտեսական լուծումները սպառված են: Այժմ վիրահատության ժամանակն է, որ հնարավոր լինի բուժել հիվանդին»:
Թերևս կառավարությանն ու իշխանությանը ուղղված քննադատությունն է պատճառը, որ ՀՀԿ-ն բոյկոտել է ԲՀԿ-ի կազմակերպած համաժողովը, և հնարավոր է, որ նման որոշում կայացվել է վերջին պահին, քանի որ Վարդան Այվազյանը նախապես համաձայնել էր ելույթ ունենալ այդ համաժողովում:
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը անդրադառնալով քառյակի տնտեսական ծրագրին՝ ասաց, որ այս ծրագիրը որևէ քաղաքական ուժի դեմ չէ: Ըստ Մինասյանի՝ ծրագրի իրենց առաջարկում գործիքներ են ներկայացված մենաշնորհի դեմ, որի դեմ պայքարը բազմահազար աշխատատեղեր կապահովի:










































