Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 20 տարի։ Ահաբեկչություն, որով գլխատվեց մեր պետականությունը, հիմքը դրվեց հետագա ոճիրների, տնտեսության կեղեքման, պետական ինստիտուտների խեղման։ Գիտակցելով այս ամենը, հիմա էլ մենք չենք գնում Հոկտեմբերի 27-ի իրականության վերջնական բացահայտմանը, իրերի դասավորության վերջնական վերծանմանը, թե ում էր սա ձեռնտու։ Ինչո՞ւ․ «Առաջին լրատվական»-ի հարցին հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը պատասխանեց․ «Ի տարբերություն ներկա իրադարձությունների կամ Մարտի 1-ի, որտեղ կա բազմաթիվ կոնտրարգումենտներ, Հոկտեմբերի 27-ն իր գաղափարական տեսանկյունից, իր ամբողջ ստրուկտուրիզացիայով այնքան թափանցիկ հանցանք էր, որ ուղղակի զարմանալի է, թե ինչու բոլոր տիպի լյուստրացիաները չեն սկսվում, երբ որ փոխվել են իշխանությունները, երբ որ փոխվել են մոտեցումները, երբ որ օրենքով պետք է փոխված լինի նաև դիտարկման հայեցակարգը։
Հոկտեմբերի 27-ը մնում է նույն փակ դուռը, որ երբևէ եղել է։ Այստեղ կա 3-4 գործոն։ Առաջին՝ բոլոր առեղծվածային հանգամանքները, որոնք շրջապատում էին այդ հանցանքը, տարիների ընթացքում մանր-մանր վերացվում են։ Այսինքն՝ ԱՄՆ-ում պատահական մեռնում են մարդիկ, որոնք ականատես են եղել, կամ ինքնասպան էին լինում․․․
Ինձ համար Հոկտեմբերի 27-ի բացահայտումն ավելի կարևոր է, քան Մարտի 1-ը, որովհետև Մարտի 1-ը լոկալ լյուստրացիա է՝ իրավիճակային, մինչդեռ Հոկտեմբերի 27-ը ես համարում եմ գեոպոլիտիկ լյուստրացիա։ Ինչու, որովհետև, ըստ իս՝ բոլոր ձեռագրերը տանում են դեպի ռուսական կայսրություն։ Եթե մենք հետադարձ հայացք գցենք ռուսական իմպերիայի ներկայիս գործելաոճին, ապա կտեսնենք, որ դա այն սակրալ գաղտնիքն է, որին չեն կպնում ոչ թե պատահաբար, այլ մտադրաբար, որովհետև մենք գտնվում ենք Եվրազեսում, որտեղից դուրս գալու քայլ դեռ չենք արել։ Եվ ոչ միայն քայլ չենք արել, այլ նաև գովում ենք Եվրազեսը եվրոպական համաժողովներում։ Մեր վերջին պատվիրակության այցը Չեխիա, կոնկրետ ինձ համար, շոկային էր, որովհետև ինձ համար հարազատ մարդիկ «սազն առած» ասում էին, որ Եվրազեսը կապող օղակ է Եվրոպայի հետ, չգիտես ում հետ։ Ես չգիտեմ, թե ինչ է կապել, բայց գիտեմ, թե ինչ է քանդել։ Քանդել է Հայաստանի մաքսային համակարգը, հետևողականորեն քանդում է Հայաստանի տնտեսությունը, իսկ հունվարի 1-ից արդեն ակնհայտ է քանդելու։ Դա ինձ համար պարզ է, իսկ կապելը դեռ չեմ տեսել։ Իհարկե, Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի համար տրանզիտ տարածք լինել, բայց դրանից մենք տնտեսական օգուտ ունե՞նք։ Այդ բոլոր ուղերձները հանգեցնում են նրան, որ ներկա իշխանությունները Հոկտեմբերի 27-ին էլի չեն կպնելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։











































