ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը սկսում է «Կերպափոխվող Մերձավոր Արևելք. Հին խաղացողներ և նոր մարտահրավերներ» խորագրով գիտական քննարկումների շարք: Ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ քննարկումները նվիրված են լինելու Մերձավոր Արևելքի հետ կապված ամենատարբեր հարցերի:
«Հոկտեմբերի 25-ին առաջին նիստն է, որն անդրադառնալու է Սիրիայի վերջին իրադարձություններին: Մեր մասնագետները փորձելու են խնդիրը դիտարկել տարբեր տեսակետներից: Արաբագետ Արաքս Փաշայանը կներկայացնի Սիրիայում առկա իրավիճակը, իշխանությունների մոտեցումը, քրդերի գծով մասնագետ Տաթև Մանուկյանը այս խնդիրների համատեքստում կխոսի քրդական գործոնի մասին: Կլինեն զեկուցումներ Թուրքիայի հետ կապված ևս»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Այս քննարկումները երկու մասից են բաղկացած լինելու, առաջին մասում լինելու են զեկույցներ, երկրորդ մասում՝ բանավեճեր:








































