Lexus ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է ապագայի LF-30 Electrified էլեկտրամոբիլի նախատիպը: Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական կայքում:
Կոնցեպտը կարծես «ապագայի մասին ֆիլմերից» լինի: Մոդելն առանձնանում է բեռնախցի անսովոր դիզայնով, տանիքն ամբողջովին ապակեպատ է, իսկ դռները բացվում են անսովոր ձևով:

Դեպի կենտրոն մեքենան կարծես դեպի վեր է կորանում՝ կամար ձևավորելով ճանապարհի և մեքենայի միջև: Հաղորդվում է, որ լուսավորության օգնությամբ հնարավոր է պարզել, թե ով է վարում մեքենան՝ ավտոպիլոտը, թե՞ վարորդը:

Մեքենայի սրահում անհատական մոնիտորով չորս նստատեղ կա: Վարորդի էկրանը հագեցած է ժեստերի ճանաչման գործառույթով՝ տրանսպորտային միջոցի տարբեր գործառույթները վերահսկելու համար:

Lexus LF-30-ը հագեցած է 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրական մեխանիզմով և անիվներին ներկառուցված շարժիչներով: Lexus Advanced Posture Control համակարգը կարգավորում է քարշի փոխանցումը յուրաքանչյուր անիվին առանձին: Մեքենան կարող է մեկ լիցքավորմամբ մինչև 500 կմ անցնել: Այն նաև անլար լիցքավորման համակարգ ունի:

Հաղորդվում է, որ Lexus LF-30 Electrified-ի զանգվածային արտադրություն չի լինի: Կոնցեպտ-մեքենայի որոշ դիզայներական լուծումներ կօգտագործվեն ապրանքանիշի նոր էլեկտրական մեքենաներում:
















































